Կենդանիների ստամոքսում երբևէ հայտնաբերված ամենատարօրինակ իրերը
LifestyleBlognews.am-ը գրում է.
1991 թվականի հուլիսին Flaming George ջրամբարում 32-ամյա Ռոբերտ Լինդսիի հետ դժբախտ պատահար տեղի ունեցավ: Երբ իր ընկերոջ դուստրը նավի վրայից ընկավ ջուրը, նա անմիջապես սուզվեց ջրամբարը, որպեսզի փրկի աղջկան, սակայն արդյունքում նավի պտուտակները կտրեցին նրա ձեռքի մատներից երեքը: Ջրամբարում երկար փնտրտուքներից հետո գտնվեցին միայն 2 մատները, որոնք բժիշկները կարեցին ձեռքի վրա՝ կտրված հատվածում, սակայն երրորդ մատը գտնել չհաջողվեց:
Միայն վեց ամիս անց մի ձկնորս իր բռնած կարմրախայտ ձկան ստամոքսում պատահաբար հայտնաբերեց Ռոբերտի մատը: Լուրն այնքան արագ տարածվեց, որ ժամերի ընթացքում հասավ Ռոբերտին, ով հետագայում կատակելով ասում էր. «Հավանաբար այն մի տարայի մեջ կպահեմ, որպեսզի բոլորին ցույց տամ»:
Նմանատիպ մի դեպք էլ պատահել էր 2012-ին, երբ ձկնորս Հաանս Գալասին պատահարի արդյունքում կորցրել էր իր 4 մատները: Երկու ամիս անց մեկ այլ ձկնորս ձկան ստամոքսում հայտնաբերել էր մարդու՝ լավ պահպանված վիճակում գտնվող մատ: Լճի սառնության շնորհիվ մատին ոչինչ չէր պատահել ու անգամ հնարավոր էր այն կարելով միացնել ձեռքին, սակայն Հաանսը հրաժարվեց: Մատը մինչ այժմ էլ սառույցի մեջ է պահվում. ի՞նչ իմանաս, միգուցե մի օր նա իր միտքը փոխի:
2013 թվականին մի չինացի ձկնավաճառ անակնկալի եկավ, երբ հաճախորդին կաղամար վաճառելիս դրա օրգանիզմում նկատեց խողովականման պայթուցիկ: Մեկ մետր երկարությամբ կենդանուն որսացել էին Գուանչժոուի ծովածոցերից մեկում:
Ձկնավաճառը շտապ զանգահարեց ոստիկանություն, ովքեր կաղամարին տեղափոխեցին լաբորատորիա և զգուշացրին, որ հնարավորինս ուշադիր լինեն ուտելիք գնելիս: Պայթուցիկը հավանաբար ռազմական ինքնաթիռից էր ընկել ծովն ու ներթափանցել կաղամարի օրգանիզմ:
Ընդամենը վերջերս ձկնորս Առնոլդ Կոնստանտինոյին հաջողվեց բռնել տարածաշրջանում երբևէ գտնված ամենամեծ ձկանը, որը կշռում էր 200կգ: Երբ նա ձկանը տարավ վաճառելու, այն կտրատելու ընթացքում նրանք գտան անվտանգության աշխատակից աշխատող մի անձի ոսկեգույն բեյջ: Միանգամից լուրեր տարածվեցին, թե ձուկը կերել է բեյջի տիրոջը, սակայն հետագայում հաստատվեց այն վարկածը, որ անվտանգության աշխատակիցն ընդամենը նավով ճամփորդելիս կորցրել էր իր բեյջը: