Փարիզի դատախազությունը հետաքննություն է սկսել զանգվածային կիբերհարձակումից հետո
Международные новостиՓարիզի դատախազությունը հետաքննություն է սկսել միջազգային կիբերհարձակման առնչությամբ, որի պատճառով տուժել են բազմաթիվ ընկերություններ և կազմակերպություններ, այդ թվում ամենախոշոր ֆրանսիական Renault ավտոարտադրողը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ինչպես հայտնում է «Ֆրանս-Պրես» գործակալությունը, վկայակոչելով դատական համակարգում տեղեկացված աղբյուրի, հետաքննությունը բացվել է տվյալների մշակման ավտոմատացված համակարգերին խարդախ մուտքի, այդ ցանցերի աշխատանքին խոչընդոտելու, ինչպես նաև շորթման կամ շորթման փորձի հետ կապված հոդվածներով:
Քննությունը բացվել է ուրբաթ երեկոյան:
Ֆրանսիական Renault ավտոարտադրող ընկերությունը շաբաթ դադարեցրել է արտադրությունը իր մի քանի գործարաններում՝ միջազգային կիբերհարձակման տարածումը կանխելու համար:
«Ձեռնարկվել են կանխարգելիչ միջոցներ`այդ թվում որոշ գործարաններում արդյունաբերական գործողությունների ժամանակավոր դադարեցումը»,- ասել է խոսնակը:
Ավտոարտադրող ընկերությունն առաջին ֆրանսիական խոշոր ընկերությունն է, որ հայտնել է մոտ 100 երկրում տասնյակ հազարավոր համակարգիչների վրա գործած կիբերհարձակումից տուժելու մասին:
Ավելի վաղ հաղորդվել է, որ մայիսի 12-ի երեկոյան ողջ աշխարհում գրանցվել է WannaCry վիրուսի օգնությամբ համակարգիչների վրա հարձակման 45 հազար փորձ: Հաքերները փորձել են հարձակվել 74 երկրներում համակարգիչների վրա, հարձակումների առավել մեծ թիվը գրանցվել է Ռուսաստանում: