Պորոշենկոն ընդլայնել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները
Международные новостиՈւկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն գործողության մեջ է դրել երկրի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը Ռուսաստանի քաղաքացիների և ռուսական ընկերությունների ընդլայնված ցանկի մասին, որոնց նկատմամբ պատժամիջոցներ են սահմանված: Այդ որոշմամբ երկարաձգվել են նաև պատժամիջոցների գործողության ժամկետները: Այդ մասին ասված է երկրի նախագահի հրամանագրում, որը հրապարակվել է նրա կայքում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ցանկում են հայտնվել ՌԴ պետդումայի որոշ պատգամավորներ, արգելվել է նրանց մուտքն Ուկրաինա մեկ տարի ժամկետով:
Պորոշենկոն նաև երեք տարի ժամկետով պատժամիջոցներ է սահմանել «Яндекс» ընկերության նկատմամբ: Նույն ժամկետով պատժամիջոցների տակ է հայտնվել նաև «Կասպերսկու լաբորատորիան» և Կիևում դրա մասնաճյուղը, ինչպես նաև՝ «Dr.Web» ընկերությունը:
Նշվում է, որ ընդլայնված ցանկում ներառվել է 1.228 ֆիզիկական և 468 իրավաբանական անձ: Իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցները երկարաձգվել են մեկից երեք տարի, ֆիզիկական անձանց նկատմամբ՝ մեկ, երեք, հինգ տարի ժամկետով կամ անժամկետ: