Այսօր Ազատության հրապարակում Եռյակի համապետական հանրահավաքի ընթացքում ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հորդորեց ուշադրություն չդարձնել լուսանցքից դուրս գտնվող քաղաքական ու իբր ընդդիմադիր ուժերին: Առաջին նախագահը նաև անդրադարձավ Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցությանը,- այս մասին հայտնում է ORER.am-ը: ՀՀ առաջին նախագահը իր ելույթի մեկնարկին նշեց, որ հանրահավաքի ելույթի հիմնական պատիվը վերապահված է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, իսկ ինքը մի քանի դիտարկումներ կանի: Անդրադառնալով Ազատության հրապարակում տեղի ունեցող համատեղ առաջին և երկրորդ հանրահավաքներին՝ Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց, որ հանրահավաքների բազմամարդությունը ցույց է տալիս, որ Հայաստանում մեկնարկել է իշխանափոխության հուժկու գործընթաց, որը հաջողությամբ պսակվելու հեռանկար ունի: Ինչ վերաբերում է ընդդիմադիր եռյակի գործունեությունը քննադատողներին, Լևոն Տեր-Պետրոսյանը խորհուրդ տվեց չլսել նման հիստերիկ արձագանքին: Առաջին նախագահը դա բնական է համարում. «Իրենց ընդդիմություն համարող որոշ ուժեր, սարսափած համաժողովրդական հզոր ալիքից և հեռանկարից, կատաղի պայքար են սկսել, Սերժից և իր վարչախմբից էլ ավելի կատաղի: Նրանց կարծիքով՝ նախ պետք է ընդդիմափոխություն տեղի ունենա, նոր՝ իշխանափոխություն. ջհանդամ, թե արանքում Հայաստանից բան չի մնա: Մեկ տարի շարունակ քարոզելով, թե Ծառուկյանը խաղ է խաղում Սերժի հետ, և «Բարգավաճ Հայաստան»-ն ընդդիմություն չի դառնա, այսօր հայտնվել են խայտառակ լինելու փաստի առջև: Ես չեմ հասկանում, որ այսքանից հետո, այսքան խայտառակ լինելուց հետո ինչպե՞ս են զբաղվելու քաղաքականությամբ: Գլխովի լծվելով համաժողովրդական շարժման պայքարի դեմ՝ մարգինալ ուժերը լծվել են Սերժ Սարգսյանի պաշտպանությանը: Փակելով մարգինալների թեման՝ ես խոստանում եմ այլևս երբեք չանդրադառնալ դրան»: Այնուհետև Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց, թե ինչու նախորդ հանրահավաքին չի անդրադարձել Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցությանը. «Ես սովորություն չունեմ ոտքի վրա գնահատականներ տալ»: Լևոն Տեր-Պետրոսյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ ինքը մեկ անգամ ասել է, որ ԵՏՄ-ին անդամակցությունը անշրջելի փաստ է և դա նշանակում է, որ տեսանելի ապագայում Հայաստանը ապրելու և կենսագործելու է այդ համակարգի շրջանակներում. «Տվյալ իրողության հետ կապված ցանկացած ջղաձգում ուշացած է և վնասակար: Մեծաքանակ բնակչության և հարուստ բնական պաշարներով օժտվաժ Ուկրաինան, հակառակ կրած իր վիճակի, մի օր ոտքի կկանգնի և իր տեղը կունենա բարգավաճող երկրների կողքին: Չեմ կասկածում, որ ԵՏՄ-ի վերաբերյալ հնչեցրած իմ մտքերը ներկայացնելու են ռուսամետության կամ հակաարևմտյան տրամադրությամբ: Դա ինձ բոլորովին չի հուզում, քանի որ իմ նյարդերը ամուր են»: Անդրադառնալով այն քննադատություններին, թե ընդդիմությունն օրակարգ չունի և դրա համար այն չի ներկայացնում, Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց. «Որևէ մեկին վիրավորելու մտադրություն չունենալով՝ հարկ եմ համարում նշել, որ սա անհիմն, քաղաքական առումով վտանգավոր պահանջ է, քանի որ բռնապետության պայմաններում վճռական պայքարի դուրս եկած քաղաքական շարժումն իրավունք չունի իր բոլոր քարտերը բացել: Պետք է հստակ տարբերություն դնել ռազմավարության, մարտավարության միջև: Մեր շարժման ստրատեգիան հայտնի է, մենք բացեիբաց հայտարարել ենք՝ ծրագրել ենք սահմանադրության շրջանակներում, հանրության ճնշման ներքո, իշխանություններին հրաժարական պարտադրել, որից հետո անցկացնել արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ: Անցկացնել նախապես, բնականաբար, հիմնովին վերափոխելով ընտրական օրենսգիրքը՝ նրանում ընդգրկելով այնպիսի դրույթներ, որոնք կբացառեն ընտրակեղծիքների հնարավորությունը: Իսկ ստրատեգիայի հարցում մենք միակամ, վճռական ենք, գնալու ենք մինչև վերջ, այսինքն՝ մինչև սարգսյանական ռեժիմից լիակատար ազատում, այսինքն՝ մինչև վերջնական հաղթանակ»: