Չինաստանը ԿՀՎ-ի ցանց է ոչնչացրել, կորել են տեղեկություն փոխանցող տասնյակ անձինք. ԶԼՄ-ներ
Международные новостиԻնչպես հայտնի է դարձել The New York Times-ին, վերջին երկու տարիներին Չինաստանում սպանվել կամ ազատազրկվել է ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության համար տեղեկություններ փոխանցող 18-ից 20 աշխատակից, ինչը մեծ վնաս է հասցրել այդ երկրում հետախուզական գործողություններին, գրում է BBC-ն:
Այդ մասին տեղկությունը թերթին փոխանցել են հատուկ ծառայության նախկին աշխատակիցները: Ընդհանուր առմամբ` թերթի լրագրողները զրուցել են նրանցից չորսի հետ:
Նրանց խոսքերով՝ դա մի քանի տասնամյակի ընթացքում ամենալուրջ ձախողումներից է:
ԿՀՎ-ում պատմել են, որ չինական կառավարությունից ստացվող տեղեկատվության հոսքը սկսել է նվազել 2010 թվականին:
Գործակալները սկսել են անհետանալ 2011 թվականի սկզբին: Նրանցից առնվազն մեկը սպանվել է իր գործընկերների աչքերի առաջ պետական շենքի բակում:
Վարկածներից մեկի համաձայն՝ չինացիներին հաջողվել է կոտրել ԿՀՎ հաղորդակցության համակարգը: Հնարավոր է նաև, որ ցանցը բացահայտվել է 2010 թվականին Չինաստանի հակահետախուզության կողմից ներդրված անձի միջոցով: Այդ պատմության հետաքննությամբ զբաղվել է հատուկ խումբ, որի մեջ են մտել հետաքննությունների դաշնային բյուրոյի և ԿՀՎ-ի աշխատակիցներ:
ԿՀՎ-ն պաշտոնապես չի մեկնաբանել այդ հաղորդագրությունները: