Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունը աշխատանքը կշարունակի առանց ԱՄՆ-ի
Международные новостиԱնդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) 11 անդամ երկրների առեւտրի նախարարները Հանոյում հանդիպման ժամանակ խոստացել են համաձայնագիրը վերածնել եւ աշխատանքն առանց ԱՄՆ-ի շարունակել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաման է ստորագրել ԱԽԳ-ից երկրի դուրս գալու մասին, փոխանցում է BBC-ն:
Նախարարները նշել են, որ պատրաստ են Նահանգներին ետ ընդունել, եթե Վաշինգտոնի տրամադրվածությունը փոխվի:
Այսուհանդերձ, հանդիպմանը մասնակցող ԱՄՆ ներկայացուցիչ Ռոբերտ Լայթայզերը հայտարարել է, որ իր երկիրը որոշումը փոխելու մտադրություն չունի:
Նախընտրական արշավի ընթացքում ԱԽԳ-ն քննադատելիս Թրամփը որպես պայմանագրի թերություններից մեկը նշել է, որ նրանում իբրեւ նախատեսված է «ետին դուռ»՝ կետ, որը կարող է Չինաստանին թույլ տալ միանալ դաշնագրին:
Դրանից զատ, նա մտահոգություն է հայտնել, որ համաձայնագիրը կհանգեցնի ամերիկյան աշխատատեղերի կրճատմանը: Սակայն ԱԽԳ-ից ԱՄՆ-ի դուրս գալու մասին հրամանը ստորագրելուց հետո դաշնագրին Չինաստանի միանալու մասին միանգամայն հրապարակայնորեն են խոսում: Հանոյում հանդիպման ժամանակ Ավստրալիայի, Ճապոնիայի եւ Նոր Զելանդիայի սռեւտրի նախարարները համաձայնագրի ապագայի վերաբերյալ լավատեսություն են հայտնել:
Այս երկրներից, նաեւ հանդիպման երկիր Վիետնամից բացի, դաշնագիրը ստորագրել են Կանադան, Սինգապուրը, Մեքսիկան, Պերուն, Մալայզիան, Բրունեյը եւ Չիլին:
ԱԽԳ-ն ենթադրում է այս երկրների միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծում, տարածաշրջանում առեւտրային սակագների կրճատում, իսկ հեռանկարում՝ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում եվրոպականին նման միասնական շուկայի ստեղծում: