ԵԽ պատգամավորը Հայաստանի հետ համագործակցության հավակնոտ համաձայնագիր ունենալը կարևոր է համարում նաև ԵՄ-ի համար
ПолитикаՀայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստ է Եվրոպական Միության հետ նոր և հավակնոտ համաձայնագիր ստորագրել: Մայիսի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը այս մասին ասաց Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մքալիստերը՝ ամփոփելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման արդյունքները:
«Մենք պատիվ ունեցանք քաղաքական բոլոր հարցերը քննարկել նախագահի հետ ավելի քան մեկ և կես ժամ: Մեր կարծիքների փոխանակումն ակնկալվածից շատ ավելի երկար տևեց: Ես շատ շնորհակալ եմ նախագահին իր թակն ժամանակը մեզ հատկացնելու համար, քանի որ մենք քաջ գիտակցում ենք, որ նա զբաղված անձնավորություն է: Նախագահ Սարգսյանը շատ հետաքրքրված էր լսել Եվրոպական խորհրդարանի պատգամավորների տեսակետները և նա մեր հարցերին տվեց շատ հետաքրքիր և մանրամասն պատասխաններ:
Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է: Ինչ պատահել է 2013թ-ին, արդեն եղել է: Բա յց հիմա նախագահ Սարգսյանը պատրաստ է հավակնոտ համաձայնագիր ստորագրել Եվրոպական Միության հետ: Եվ սա կարևոր է մեզ համար, քանի որ մենք հաստակ նշել ենք, որ մեր Արևելյան գործընկերության ծրագիրը նրանցից չէ, որտեղ կան հաղթողներ և պարտվողներ»,- նշեց նա:
Մքալիստերը հավելեց, որ Արևելյան գործընկերության էությունը մրցակցությունը չէ տարածաշրջանային այլ երկրների և, հատկապես, Ռուսաստանի հետ:
«Արևելյան գործընկերության անդամ յուրաքանչյուր պետություն Եվրոպական Միության հետ հատուկ հարմարեցված հարաբերությունների կարիք ունի, որոնք կարձագանքեն ոչ միայն մեր, այլ տվյալ պետության կարիքներին»,- ընդգծեց Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը:
Եզրափակելով խոսքը Դեյվիդ Մքալիստերը հույս հայտնեց, որ Հայաստանը և ԵՄ-ն կկարողանան հաջողությամբ ավարտին հասցնել գործընթացը, որն օգտակար կլինի Հայաստանի քաղաքացիների համար: