Մենք՝ եվրոպացիներս, պետք է մեր ճակատագիրը մեր ձեռքը վերցնենք. Մերկելի հայտարարությունը՝ ՆԱՏՕ-ի և G7 գագաթնաժողովներից հետո
Международные новостиԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ՆԱՏՕ-ի և G7-ի գագաթնաժողովների ավարտին հայտարարել է, որ եվրոպացիները պետք է սովորեն ավելի շատ հույս դնել իրենք իրենց վրա: «Մենք` եվրոպացիներս, պետք է մեր ճակատագիրը մեր ձեռքը վերցնենք: Ժամանակները, երբ մենք կարող էինք մեր հույսը դնել ուրիշների վրա, անցել են», - DW.com-ի փոխանցմամբ` նման ելույթով կանցլերը կիրակի հանդես է եկել Մյունխենում` նշելով, որ նման եզրահանգման նրան դրդել են վերջին օրերին տեղի ունեցած դեպքերը: Հաղորդվում է, որ նախօրեին Սիցիլիայի Տաորմինա քաղաքում տեղի ունեցած «մեծ յոթնյակի» գագաթնաժողովը գրեթե տապալվել է ԱՄՆ-ի նոր վարչակազմի քաղաքականության պատճառով: Մասնավորապես, համաշխարհային առաջնորդները չեն կարողացել համաձայնեցնել իրենց դիրքորոշումը գլոբալ տաքացման և Աֆրիկայում սովի դեմ պայքարի հարցերի շուրջ: Իսկ G7-ի հանդիպմանը նախորդած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, որն անցկացվել է Բրյուսելում, Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը պահանջել է դաշնակիցներին ավելացնել պաշտպանությանը հատկացվող ծախսերը: