Մոսկվան խոստացել է պատասխանել Էստոնիայից իր դիվանագետների արտաքսմանը
Международные новостиՌուսաստանն Էստոնիայից իր դիվանագետների արտաքսմանը կպատասխանի փոխադարձության սկզբունքի հիման վրա: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարի առաջին տեղակալ Վլադիմիր Տիտովը:
«Կարող եմ հաստատել, որ էստոնական իշխանությունների այդ սադրիչ քայլն անպատասխան չի մնա: Պետությունների միջեւ հարաբերություններում, ինչպես գիտեք, փոխադարձության սկզբունք է գործում»:
Ավելի վաղ Էստոնիայի ԱԳՆ-ում ՏԱՍՍ-ին հաղորդել էին, որ Նարվայում ՌԴ գլխավոր հյուպատոս Դմիտրի Կազեննովին եւ հյուպատոս Անդրեյ Սուրգաեւին առաջարկել են հեռանալ երկրից: Գերատեսչությունում, սակայն, հրաժարվել են նշել որոշման պատճառը:
ՌԴ ԱԳՆ-ում այս քայլը սադրանք են կոչել՝ նշելով, որ որոշումն անհիմն է եւ «ավելի կբարդացնի երկկողմ հարաբերությունները, որոնք առանց այդ էլ Տալինը փակուղի է մտցրել»: