Դուք խաբեցիք ինձ. Թրամփը Պաղեստինի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ բղավել է նրա վրա. լրատվամիջոցներ
Международные новостиՕրերս Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ավարտել է իր առաջին նախագահական շրջագայությունը, որի ընթացքում այցելել է Մերձավոր Արևելք ու Եվրոպա:
Ինչպես նշում է The Independent-ը, Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասի հետ հանդիպման ժամանակ Թրամփը բղավել է նրա վրա՝ վերջինիս մեղադրելով Իսրայելի նկատմամբ բռնություններ հրահրելու համար:
Բրիտանական պարբերականը մանրամասնում է, որ այս տեղեկությունը տարածել են իսրայելական լրատվամիջոցները՝ մանրամասնելով, որ միջադեպը տեղի է ունեցել նախորդ շաբաթ՝ Արևմտյան ափին:
«Դուք ինձ խաբեցիք Վաշինգտոնում: Այնտեղ Դուք խոսում էիք խաղաղության հաստատման նկատմամբ ունեցած հանձնառության մասին, բայց իսրայելցիներն ինձ ցույց տվեցին, որ Դուք ներգրավված եք այդ երկրի դեմ բռնության հրահրման հարցում»,- գոռալով ասել է Թրամփը: Դրան հաջորդել է ապշած Աբասի մի քանի րոպեանոց լռությունը:
Սակայն պաղեստինյան կողմը հերքել է այս տեղեկությունը՝ նշելով, որ Թրամփ-Աբաս հանդիպումը լավ է անցել:
The Independent-ը հիշեցնում է, որ Մերձավոր Արևելք ժամանելուց հետո ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ կանի հնարավոր ամեն բան իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը լուծելու ու բաղձալի խաղաղությանը հասնելու համար: