«Ոտքերս ցեխոտվում էին, ծնկներս՝ արյունոտվում, սակայն ոչինչ ինձ չէր կանգնեցնում». Լիա Զախարյանի «մանկությունը»՝ NEWS.am STYLE-ի ֆոտոշարքում
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Վաղը հունիսի 1-ն է՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը: Ամենաանմեղ ու մաքուր տոնին ընդառաջ՝ NEWS.am STYLE-ը որոշեց թեմատիկ ֆոտոշարքեր իրականացնել հայկական հեռուստասերիալների սիրված դերասանուհիներից մի քանիսի հետ՝ ներկայացնելով նրանց փոքրիկ աղջնակների կերպարներում: Այդ հարցում մեզ «օգնեցին» նրանց մանկության ամենամտերիմ «ընկերները»՝ սիրելի խաղալիքները:
Մեր ֆոտոշարքի առաջին հերոսուհին դերասանուհի Լիա Զախարյանն է, որի մանկությունն անցել է Գորիս քաղաքում: Իր կյանքի ամենաանհոգ ժամանակաշրջանի մասին խոսելիս դերասանուհու աչքերում մինչ օրս հայտնվում է կայծ, ոգեւորություն եւ հուզմունք:
Ինչպիսի՞ մանկություն է ունեցել Լիան, ի՞նչ խաղալիքներով է խաղացել եւ ի՞նչ հիասթափություններ է ապրել: Իր ամենաթանկ հուշերը դերասանուհին վստահել է NEWS.am STYLE-ին.

«Մանկությունս անցել է սարերի մեջ՝ բնության գրկում: Մինչ դպրոց գնալս, տատիկիս մոտ էի հաճախ մնում: Միշտ մագլցում էի ամենաբարձր սարերը, տարբեր բարձրություններ էի հաղթահարում, իսկ հետո սահելով իջնում էի ներքեւ. ոտքերս ցեխոտվում էին, ծնկներս՝ արյունոտվում, սակայն ոչինչ ինձ չէր կանգնեցնում: Շատ ակտիվ ու համարձակ երեխա եմ եղել: Երբեք ոչ մի բանից չեմ վախեցել ու չեմ մտածել, որ կընկնեմ, ոտքս կկոտրեմ… միշտ գլորվում էի, ինքս իմ ուժերով բարձրանում: Եղել են դեպքեր, երբ երեխաներով խոտերի մեջ ենք քնել, գետի մեջ լողանում էինք, բնության գրկում էինք միշտ խաղում»,-հիշում է Լիան՝ մտաբերելով նաեւ մի դեպք, որը ժամանակին նրան շատ էր տխրեցրել.
«Մանկությունս ուրախ է անցել, բայց մի անգամ շատ էի նեղվել: Ես 4-5 տարեկանից զրո դասարան եմ գնացել: Ինձ մոտ մեծ առաջադիմություն կար, բայց մի անգամ տնօրենը տատիկիս կանչեց եւ ասաց, որ ես էլ չպետք է դպրոց գնամ, քանի որ չնայած շատ լավ էի սովորում եւ ընկալում ամեն ինչ՝ հետագայում ինձ մոտ կարող էր ուղեղի գերլարվածություն առաջանալ... Հիշում եմ՝ առավոտյան արթնացա, որ գնամ դասի, իսկ ինձ ասացին, որ ես չեմ կարող գնալ դպրոց: Որպեսզի համաձայնվեմ, ասացին, թե ուսուցիչներն ու դասընկերներս չեն ցանկացել, որ ես դասի գնամ»:
Շարունակությունը՝ այստեղ: