«Ճամպրուկային տրամադրություն է, ամեն վայրկյան պատրաստ եմ ուղևորվելու ծննդատուն». Թինա Քեյ
LifestyleBlognews.am-ը գրում է.
Երբ ծնվեց ակրոբատ, կրկեսի արտիստ ու նաև երգչուհի Թինա Քեյի առաջնեկը, հաջորդիվ հարցազրույցներում Թինան միշտ նշում էր, որ հղիությունը շատ բարդ է հաղթահարել, դե իսկ երկրորդ երեխայի մասին մտքեր չի էլ ունենում: Բայց արի ու տես, բնության ամենահզոր՝ մայրական բնազդն իր սուրբ գործն անում է: Եվ ահա Թինան սպասում է իր երկրորդ բալիկին:
Պարզելու համար՝ ինչպես է Թինան իրեն զգում, և որքան ժամանակ է մնացել փոքրիկի ծնվելուն, այսօր BlogNews.am-ը զրուցել է Թինայի հետ, ով ներկա պահին Մոսկվայում է ու փոքրիկին էլ այնտեղ է ունենալու.
Այն հարցին, թե դեռ որքան ժամանակ կա մինչև փոքրիկի լույս աշխարհ գալը, Թինան այսպես պատասխանեց. «Հղիությանս վերջին օրերն են, ասեմ ավելին՝ դեռ մի փոքր էլ ուշանում ենք: Կարծում էի՝ ամսի մեկին կծնվի, բայց, փաստորեն, սխալվում էի))»:
Թինան նշում է, որ երկրորդ բալիկին սպասում է նույն անհամբերությամբ ու տոնի զգացողությամբ, որքան որ առաջնեկի դեպքում էր: Ավելին՝ այս անգամ հույզերն ու սպասումի անտանելի լինելը կրկնապատկում է նաև Թինայի դուստրը՝ Կամիլլա-Էսմերելդան, ով մայրիկին գրկելու, համբուրելու, փորիկը շոյելու առիթը բաց չի թողնում: «Անընդհատ գնում-գալիս, գրկում է, պաչում է փորիկս, խոսում է պստիկի հետ, ասում է՝ «ախր դու երբ ես ծնվելու, որ ես քեզ մի լավ սիրեմ, գրկեմ, պաչեմ»:

Նշենք, որ Թինայի առաջնեկը ծնվել է 2012թ., և հիմա աղջիկը 4.5 տարեկան է: Ի դեպ՝ հենց տարիքային այս տարբերությունն են մանկական հոգեբանները համարում իդեալական ընտանիքի երեխաների միջև, քանի որ երեխան արդեն ունի բավականաչափ կայուն ու լիարժեք հոգեբանական կապ ծնողի հետ, և «նորեկի» հայտնվելը միայն հետաքրքրացնում է նրա առօրյան, սակայն Թինան ասում է, որ փոքրիկին ոչ մի հաշվարկով էլ չի պլանավորել, ավելին, երբ հղիության մասին իմացել է, սկզբնական շրջանում շոկային ու անկումային տրամադրություն է ունեցել, որովհետև դա տեղի է ունեցել իր կյանքի ամենաբազմազբաղ փուլում, երբ հղիության մասին նույնիսկ չի էլ մտածել:

«Աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ, որ երկրորդ անգամ եմ մայրանալու, չնայած որ շատ ծանր ու դժվար հղիություն եմ տարել, շնորհակալ եմ Աստծուն, որ ևս մի հրաշք ինձ պետք է «մամա» ասի: Քանի որ վերջին ամիսներին Թինան ամուսնու և դստեր հետ Մոսկվայում է ապրում, հետաքրքրվեցինք նաև՝ արդյոք մշտական բնակության են մեկնել. «Ոչ, իհարկե ոչ, անպայման գալու ենք, փոքրիկի ծնվելուց հետո, երբ որ արդեն թույլատրեն օդանավով տեղաշարժվել երեխայի հետ, մենք անպայման վերադառնալու ենք: Իսկ այստեղ մնացի ծննդաբերելու, որովհետև, ինչպես արդեն նշեցի, բարդ հղիություն եմ տարել ու ինքնաթիռով, և առհասարակ, երկար ճանապարհ անցնելը խիստ հակացուցված էր»:

Այն հարցին, թե արդյոք Թինան կհասցնի երկու երեխաների հետ նաև ստեղծագործական աշխատանքով զբաղվել, Թինան նշեց, որ երջանիկ է այնքանով, որ ի դեմս իր մայրիկի՝ իր կողքին ունի մեկին, ում լիովին վստահում է, և ով աշխարհի ամենալավ դայակից է՛լ ավելի լավ է հոգ տանում երեխաների համար: Հղիության ընթացքում Թինան զբաղվել է իր ձայնասկավառակի ձայնագրություններով, սակայն ներկա պահին Թինայի ուղեղը միայն մի ուղղությամբ է մտածում. «Ճամպրուկային տրամադրություն է, ամեն վայրկյան պատրաստ եմ ուղևորվելու ծննդատուն: Գիտեմ, որ փոքրիկի ծնվելը միայն բազմապատկելու է մեր ընտանեկան երջանկությունը»,- զրույցի վերջում նշեց Թինան:
