Լոնդոնում ահաբեկչության զոհերի թիվը հասել է յոթի
Международные новостиԼոնդոնում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհերի թիվը աճել է մինչև յոթը։ Բժիշկների տվյալներով՝ վիրավորվել է 48 մարդ, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը։
Հունիսի 3-ի ուշ երեկոյան անհայտ անձինք բեռնախցով ավտոմեքենայով մեծ արագությամբ մխրճվել են Լոնդոնի կամրջին գտնվող մարդկանց մեջ։ Այնուհետև նրանք հասել են մոտակայքում գտնվող Բորոյի շուկա, դուրս եկել ավտոմեքենայից և, որսորդական դանակներով զինված, հարձակվել անցորդների վրա։
Ոստիկանությունն այդ գործողությունները պաշտոնապես որակել է որպես ահաբեկչություն։ Լոնդոնի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի բաժնի ղեկավար Մարկ Ռոուլին հայտնել է բոլոր ահաբեկիչների վնասազերծման մասին։ Նրա խոսքով՝ ահաբեկիչներից ոչ մեկին չի հաջողվել ձերբակալել. նրանք բոլորը գնդակահարվել են։
Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը նշել է, որ սխալ չի համարում Լոնդոնում ահաբեկչական վտանգի մակարդակի նվազեցումը «կրիտիկական»-ից «լուրջ»-ի՝ Մանչեսթերում մայիսի 22-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողությունից մի քանի օր հետո։