«Չէի սպասում, որ կհաղթեմ». Հայբերդ Սարյանը՝ Andrenaline-ում հաղթելու, ԱՄՆ-ում բնակվելու եւ Հայաստան գալու մասին
LifestyleNEWS.am STYLE-ը գրում է.
Նախորդ տարի Անդրեի գլխավորությամբ՝ Լոս Անջելեսում մեկնարկեց Andrenaline երաժշտական մրցույթը, որին մասնակցում էին ԱՄՆ-ում բնակվող մեր տաղանդավոր հայրենակիցները: Փուլ առ փուլ մասնակիցները ստիպված էին հաղթահարել մրցույթի երաժշտական փորձությունները, սակայն նրանցից միայն մեկը կարող էր դառնալ հաղթող: Իսկ այդ տիտղոսը բաժին հասավ երիտասարդ եւ արտիստիկ Հայբերդ Սարյանին:
Երբվանի՞ց է Հայբերդը բնակվում ԱՄՆ-ում, ո՞ր տարիքից է սկսել երգել, ինչո՞վ է զբաղված հաղթանակից հետո… NEWS.am STYLE-ը զրուցել է ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակցի հետ.
-Հայբերդ, երբվանի՞ց եք տեղափոխվել Միացյալ նահանգներ: Ինչո՞վ եք հիմնականում զբաղվում այդտեղ:
-1996 թ-ին տեղափոխվեցինք Ավստրիա, Զալցբուրգ: Մեկ տարի անց մեկնեցինք Գլենդել: Այստեղ զբաղվում եմ երաժշտությամբ, սպորտով, իսկ ֆիզիոթերապիայի դիպլոմ ստանալուց հետո սկսեցի աշխատել հիվանդանոցում:
-Վաղո՞ւց եք զբաղվում երգեցողությամբ:
-Երգել սկսել եմ 3 տարեկանից: Այնուհետեւ տարբեր համերգների եմ մասնակցել, որտեղ կատարել եմ թե հայկական ժողովրդական, թե էստրադային երգեր՝ տարբեր լեզուներով: Երգել եմ փոփ, ռոք, բլյուզ, էլեկտրոնիկ եւ ֆոլկ ժանրի երգեր: Երաժշտական դպրոց եմ հաճախել Լոս Անջելեսում, ինչպես նաեւ համալսարանում եմ ունեցել վոկալի դասեր:

-Այնուամենայնիվ, այդ ոճերից ո՞րն է Ձեզ ավելի հոգեհարազատ: Ո՞ր երգիչներին եք հետեւում:
-Գրեթե բոլոր ոճերով երգել եմ եւ բոլորն էլ սիրում եմ՝ հայկական դասական երաժշտություն, ամերիկյան ռոք կամ փոփ (Queen, Led Zepplin, System of a Down, Ռեյ Չարլզ, Սթիվի Ուանդեր եւ այլն):
-Ինչպե՞ս իմացաք Andrenaline շոուի մասին եւ ինչո՞ւ որոշեցիք մասնակցել:
-Գովազդներից մեկի ժամանակ տեսա, որ նմանատիպ մրցույթ է անցկացվելու: Առաջին անգամ որոշեցի փորձել ու մասնակցել մրցույթի:
-Սպասո՞ւմ էիք այդ հաղթանակին:
-Չէի սպասում, որ ես կհաղթեմ: Նախագծին մասնակցել եմ ուղղակի բեմում լինելու եւ երգելու համար: Մասնակիցների հետ ընկերանալն ու փորձ ձեռք բերելն ինձ համար ավելի կարեւոր էր:
-Անդրեի հետ աշխատելը հե՞շտ էր:
-Անդրեին վաղուց եմ հետեւել ու շատ եմ սիրել իր արվեստը, երգերը, բնավորությունը: Նրա հետ աշխատելը շատ հեշտ էր, քանի որ նա իր պրոֆեսիոնալիզմով կարողանում էր փոխանցել ամենաճիշտ խորհուրդները:

-Ի՞նչ Ձեզ տվեց այդ հաղթանակը:
-Դեռ սպասում եմ, որ աշխատենք Անդրեի հետ որեւէ երաժշտական գործի շուրջ: Բայց դեռեւս եւ ես եմ զբաղված իմ գործերով, եւ նա՝ իր համերգներով: Այս ամառ որոշել ենք հանդիպել ու կրկին համագործակցել:
-Andrenaline-ի մյուս մասնակիցների հետ շփում կա՞:
-Andrenaline-ի մասնակիցներին շատ սիրում եւ հարգում եմ, բայց շատ հաճախ չենք տեսնվում, որովհետեւ տարիքային բավականին մեծ տարբերություն կա իմ եւ նրանց միջեւ:
-Հայբերդ, վերջին անգամ ե՞րբ եք եղել Հայաստանում:
-Հայաստանում եղել եմ 1991 թ-ին՝ չորս տարեկան հասակում: Մեկ ամսով Իրանից եկանք Երեւան, որտեղ ես մկրտվեցի Էջմիածնում, բայց շատ փոքր էի ու այնքան էլ լավ չեմ հիշում այդ օրերը:

-Առաջիկայում այստեղ գալու ծրագրեր ունե՞ք:
-Հուլիսի վերջին երկու շաբաթով գալու եմ Երեւան: Հուսով եմ՝ կհաջողվի գոնե մի փոքրիկ համերգով հանդես գալ այդ ընթացքում:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Հայբերդի Facebook-ի էջից