ՄԱԿ․ «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների թիվը զգալիորեն կրճատվել է
Международные новостиՎերջին մեկ տարում «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների թիվը զգալիորեն կրճատվել է։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆրի Ֆելթմանը, ՄԱԿ ԱԽ-ին ներկայացնելով ԻՊ-ի սպառնալիքի մասին հինգերորդ զեկույցը։
Նա նշել է, որ 2016-ի հունվարից սկսած՝ ԻՊ-ն պարտություններ է կրում Սիրիայում ու Իրաքում։ Փորձելով վրեժխնդիր լինել հակամարտության գոտիներում իր պարտությունների համար՝ ԻՊ-ն հարձակումներ է իրականացնում դրանց սահմաններից դուրս։ Ֆելթմանը նշել է, որ զինյալները իրենց նպատակների համար ակտիվ օգտագործում են սոցցանցերը՝ նորեկներին հավաքագրելու համար։
«Եվրոպայում ԻՊ-ն օգտագործում է սոցցանցեր, որպեսզի իր համակիրներին քաջալերի իրենց բնակության վայրերում հարձակումներ իրականացնել»,- ասել է նա։
Չնայած ֆինանսական դրության վատացմանը՝ ԻՊ-ն առաջվա պես ամսական մի քանի տասնյակ միլիոն դոլար եկամուտ ունի։ Հիմնականում զինյալները եկամուտներ են ստանում նավթի վաճառքից ու հարկերից։ Նրանք նաեւ իրենց գանձարանը համալրում են հին արժեքավոր իրերի մաքսանենգության, մարդկանց առեւտրի, գյուղատնտեսական արտադրանքի ու էլեկտրաէներգիայի վաճառքի հաշվին։