Ինդոնեզիայի բոլոր նահանգներում կան ԻՊ-ի խմբեր. երկրի ԶՈՒ ղեկավար
Международные новости«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ներկայություն ունի Ինդոնեզիայի՝ մահմեդական մեծամասնությամբ աշխարհի ամենամեծ երկրի գրեթե բոլոր նահանգներում: Այդ մասին Ջակարտայում հայտարարել է ԶՈՒ ղեկավարը, հայտնում է Reuters գործակալությունը:
Գեներալ Գատոտ Նուրմանտյոյի խոսքերն այն մասին, որ Ինդոնեզիայի ամբողջ տարածքում կան վտանգավոր «քնած» խմբեր, շեշտել են Հարավարևելյան Ասիայում «Իսլամական պետության» աճող ազդեցության վերաբերյալ մտահոգությունները:
«Դիտարկումից հետո մենք տեսնում ենք, որ գրեթե բոլոր նահանգներում արդեն կան ԻՊ-ի խմբեր, բայց դրանք «քնած» խմբեր են»,- ասել է Նուրմանտյոն:
«Այս «քնած» խմբերը կարող են հեշտությամբ միանալ այլ ծայրահեղական խմբերի»,- ասել է նա:
Տարածաշրջանի երկրների իշխանությունները բարձր զգոնության են եկել այն բանից հետո, երբ «Իսլամական պտության» հետ կապված զինյալները մոտ երեք շաբաթ առաջ գրավել են Ֆիլիպինների հարավում գտնվող Մարավի քաղաքը: Ֆիլիպինների զինված ուժերը երեքշաբթի հայտարարել է, որ զինյալները շարունակում են հսկողության տակ պահել քաղաքի մոտ 20 տոկոսը: