Իհարկե, մենք համակրում ենք պարոն Թրամփին. Պուտին
Международные новостиՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունին տված հարցազրույցում հայտնել է, որ Ռուսաստանը համակրում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ երկու երկրների հարաբերությունները վերականգնելու նրա մտադրության և ցանկության համար։
Հիշեցնենք, որ օսկարակիր ռեժիսորը ծավալուն հարցազրույց է անցկացրել Պուտինի հետ՝ զրուցելով ամենատարբեր թեմաների շուրջ՝ քաղաքականությունից մինչև անձնական: Այժմ հարցազրույցը հատվածաբար ցուցադրվում է Showtime հեռուստաալիքով:
Ինչպես գրում է korrespondent.net-ը, Պուտինը նշել է, որ Ռուսաստանը պետք է ուշադրություն դարձնի, թե ինչպես կզարգանան ԱՄՆ-ի հետ հարաբերությունները գործնականում։
«Իհարկե, մենք համակրում ենք պարոն Թրամփին, քանի որ նա հրապարակայնորեն հայտարարեց ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնման մտադրության ու ցանկության մասին։ Եվ երբ տարբեր երկրների լրագրողներ ինձ փորձում են այդ մասին տարբեր հարցերի միջոցով նեղը գցել՝ ես ասում եմ. «իսկ մի՞թե դուք դեմ եք ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև լավ հարաբերություններին»։ Թրամփը խոսում էր տնտեսական հարաբերությունների վերականգնման և ահաբեկչության դեմ պայքարի մասին, մի՞թե դա վատ է», - ասել է Պուտինն ամերիկացի ռեժիսորի հետ զրույցի ընթացքում։