Պուտինն առաջարկել է ՀԴԲ նախկին ղեկավարին քաղաքական ապաստան տալ Ռուսաստանում
Международные новостиՌուսաստանը պատրաստ է ապաստան տալ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին ղեկավար Ջեյմս Կոմիին, եթե ԱՄՆ-ում սկսեն նրան հետապնդել ԱՄՆ նախագահի հետ խոսակցությունների մասին տվյալների փոխանցման առնչությամբ: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Նա հանկարծ ասաց, որ ձայնագրել է նախագահի հետ խոսակցությունը, իսկ այնուհետև իր ընկերոջ միջոցով փոխանցել այդ խոսակցությունը ԶԼՄ-ներին: Դե, դա արդեն շատ տարօրինակ է հնչում: Երբ հատուկ ծառայության ղեկավարը ձայնագրում է գերագույն գլխավոր հրամանատարի հետ խոսակցությունը, իսկ այնուհետ իր ընկերոջ միջոցով փոխանցում այն ԶԼՄ-ներին»,- ասել է Պուտինը ռուսաստանցիների հետ «ուղիղ կապի» ժամանակ:
Ռուսաստանի նախագահի խոսքով՝ դրանով Կոմին ոչնչով չի տարբերվում ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենից:
«Այդ դեպքում նա հատուկ ծառայության ղեկավար չէ, այլ իրավապաշտպան է, ով պաշտպանում է որոշակի դիրքորոշում: Իմիջիայլոց, եթե այդ առնչությամբ նրա նկատմամբ հետապնդումներ սկսվեն, մենք նրան էլ պատրաստ ենք Ռուսաստանում քաղաքական ապաստան տրամադրել: Նա պետք է իմանա այդ մասին»,- հավելել է նախագահը: