Դու բռնակալ ես. Թուրքիայի ընդդիմության առաջնորդը՝ Էրդողանին
Международные новостиԹուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն, ով շարունակում է իր կուսակիցների հետ Անկարայից դեպի Ստամբուլ գրեթե մեկշաբաթյա բողոքի քայլերթը, բռնակալ է անվանել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Ինչպես հայտնում է թուրքական DHA գործակալությունը, Քըլըչդարօղլուն մամուլի ասուլիս է կազմակերպել հենց քայլարշավի ընթացքում:
«Նրանք չեն կարողանում բացատրել՝ եթե այս երկրում կա արդարություն, ապա ինչու ենք քայլում: Մենք արդարությունը պաշտպանելու համար ոչ ոքից թույլտվություն չպետք է հարցնենք, արդարությունն Ալլահի հրամանն է», - ասել է Քըլըչդարօղլուն և, դիմելով Էրդողանին, հավելել՝ «Դու բռնակալ ես»:
Հիշեցնենք, որ երկրի գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ժողովրդահանրապետականներն այս քայլերթով իրենց բողոքն են հայտնում իրենց կուսակցությունից պատգամավոր Էսին Բերբերօղլուի կալանավորման առնչությամբ, որին իշխանությունները մեղադրում են պետական գաղտնիքներ բացահայտելու և հանրայնացնելու համար և դատապարտել են 25 տարվա ազատազրկման:
Քրդամետ պատգամավորների բազմաթիվ կալանավորումներից հետո սա քեմալականների թևից առաջին աղմկահարույց ձերբակալությունն ու կալանավորումն է:
Նշենք, որ Ժողովրդահանրապետական կուսակցությունը հիմնել է Թուրքիայի հանրապետության հիմնադիր ու առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը:
Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ է նաև հայազգի պատգամավոր Սելինա Դողանը։