Հայաստանը շարունակելու է բարելավել արտաքին քաղաքական միջավայրը՝ առանց պատրանքների. ՀՀ Նախագահ
ПолитикаՀայաստանը շարունակելու է հետևողականորեն աշխատել իր համար արտաքին քաղաքական միջավայրը բարելավելու ուղղությամբ: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը՝ ավելացնելով, սակայն, որ պատրանքներ չպետք է ունենանք:
«Մենք պետք է աշխատենք՝ ելնելով այն կանխադրույթից, որ մեր անբարյացակամ հարևանների հետ հարաբերություններում որևէ դրական փոփոխություն այժմ տեղի չի ունենում: Վերջին տարիներին հաճախ է հնչում չինացիներին վերագրվող ասացվածքը, շատերը սկսել են դա հնչեցնել, ըստ որի՝ անեծք է որևէ մեկին մաղթել փոփոխությունների ժամանակաշրջան, կարծում եմ, որ նման ժամանակներում ապրելն իսկապես դժվար է, սակայն նաև հետաքրքիր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց ՀՀ նախագահը՝ ավելացնելով, որ կառավարության անդամներից ակնկալում է, որ նրանք անշահախնդրությամբ և պատվախնդրությամբ կլուծեն այս կարևոր պահի կառավարության ծրագրերի իրականացումն և ծառացած խնդիրները:
«Մենք պետք է լծվենք այս աշխատանքներին: Հավատում եմ, որ կառավարությունը Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կարող է դա ամբողջովին անել: «Անհրաժեշտ են կարծրատիպերից դուրս ստեղծագործական մոտեցումներ, և մեր ժողովուրդը հենց ձեզ է վստահել դրանք գտնելու և իրագործելու աշխատանքը: Շարունակենք եռանդով աշխատել»,- ընդգծեց ՀՀ Նախագահը: