«Հայաստանը ԵՏՄ մուտքով չի փակել համագործակցության ճանապարհը դեպի ԵՄ». Շարմազանով
ПолитикаԱյսօր խորհրդարանում լրագրողներին հետ զրույցում ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ համանախագահ երկրները նախ պետք է ապահովեն բանակցությունների համար դրական միջավայր. «Դա կլինի միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանն իր ռազմական հռետորաբանությունը դադարի, պատեհ ու անպատեհ առիթներով նոր պատերազմի վերսկսման մասին չխոսի եւ, ի վերջո, իրականացնի Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները», - ասաց նա՝ հավելելով, որ մինչ այս պահը, Ադրբեջանը ցույց չի տվել որեւէ քայլով, որ պատրաստ է բանակցությունների առաջընթացի:
Խոսելով ՀՀ-ԵՄ պայմանագրի մասին՝ Շարմազանովն ասաց. «Ոչինչ չի խանգարում ասոցացման պայմանագրի ստորագրմանը: Հայաստանը ԵՏՄ մուտքով չի փակել համագործակցության ճանապարհը դեպի ԵՄ, եւ դա ասվել է նաեւ նախագահ Սարգսյանի կողմից նախագահ Պուտինի ներկայությամբ»:
ԱԺ փոխխոսնակն ընդգծեց նաեւ, որ ԵՏՄ անդամակցությունից հետո եվրոպացի գործընկերները հայտարարեցին, որ իրենք ոչ թե վերջակետ, այլ ստորակետ են դնում ՀՀ-ի հետ հարաբերություններում: «Այսօր մենք ունենք նախաստորագրված համաձայնագիր եւ չեմ տեսնում խոչընդոտներ, որ գոնե հայկական կողմից այն չստորագրվի»: