Ստամբուլի թաղամասերից մեկում բնակիչները 1 շաբաթ ժամանակ են տվել ոստիկաններին սիրիացի ներգաղթյալներին դուրս հանելու համար
Международные новостиՍտամբուլի Ուսքյուդար շրջանում լուրջ բախումներ են սկսվել սիրիացի ներգաղթյալների և տեղի բնակիչների միջև, այս մասին գրում է թուրքական «Էվրենսել» պարբերականը։
Բախումները հասել են այն աստիճանի, որ սիրիացիների շենքի մոտից օրեր շարունակ չեն հեռանում ոստիկանական մեքենաները, մյուս կողմից սիրիացի ներգաղթյալների թաղամասի ուղղությամբ ավելանում է մարդկանց հոսքը, որոնք պահանջում են տեղական իշխանություններից «դատարկել թաղամասը»։
Ըստ լրատվամիջոցի՝ բարկացած բնակիչները ոստիկաններին մեկ շաբաթ ժամանակ են տվել և պահանջել դուրս հանել թաղամասից սիրիացիներին, այլապես սպառնացել են մեծ աղմուկ բարձրացնել և ավերել նրանց տները։
Ըստ նախնական վարկածի՝ բախումները սկիզբ են առել սիրիացի ներգաղթյալի և տեղացիներից մեկի վեճից։ Բնակիչները պատմել են, որ սիրիացիներից մեկը վիրավորական արտահայտություն է արել թաղամասի թուրք կանանցից մեկի հասցեին, որին պաշտպանել են մյուս բնակիչները։ Սկսված ծեծկռտուքը վերաճել է մեծ կռվի, որին մասնակցել են նաև թաղամասի մյուս բնակիչները։