Գերմանացի լրագրողը Էրդողանի հետ հարցազրույցի ժամանակ թվել է նրան բռնակալ անվանելու պատճառները
Международные новостиԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը G20 գագաթնաժողովին մասնակցության շրջանակներում Համբուրգ կատարած այցի ժամանակ վեճի է բռնվել գերմանական հեղինակավոր Die Zeit պարբերականի խմբագրի հետ։
Էրդողանն ի պատասխան թուրք-գերմանական հարաբերություններում առկա ճգնաժամի մասին գերմանացի լրագրողի տված հարցին մեղադրել է գերմանական մամուլին և նշել, որ վերջիններս ուղղորդված կերպով Թուրքիայի դեմ հատուկ արշավ են ծավալում, ավելին՝ համագործակցում Թուրքիայի դեմ գործող ահաբեկիչների հետ։
Թուրքիայի նախագահի նման մեղադրանքներից հետո Die Zeit-ի խմբագիրը շեշտել է, որ ի տարբերություն Թուրքիայի՝ գերմանական մամուլն ազատ է և տարիներ շարունակ ոչ ոք իրենց չի ուղղորդել կամ պարտադրել որևէ բան գրել։
«Դուք ինձ հարցնում եք, թե ինչո՞ւ ենք մենք ձեզ բռնակալ անվանում։ Որովհետև աշխարհի ոչ մի երկրում ճաղերի ետևում այդքան լրագրող չկա, որքան Թուրքիայում։ Որովհետև Թուրքիայում կան Դենիզ Յուջելն ու Մեշալե Թոլուն, որոնք դեռ անազատության մեջ են և ոչ ոք չգիտի՝ ինչու։ Որովհետև տասնյակ հազարավոր մարդիկ կորցրեցին իրենց աշխատանքը՝ հեղաշրջման փորձին մասնակցության կասկածանքով։ Որովհետև ձեր հետախուզությունը լրտեսության փորձ էր արել գերմանացի խորհրարանականների դեմ։ Սրանք ձեզ բռնակալ անվանելու պատճառներից միայն մի քանիսն են», - ասել է գերմանացի լրագրողը։
Էրդողանը փորձել է փրկել իրավիճակն ու պնդել, որ լրագրողի ունեցած տեղեկությունները սխալ են ու սուբյեկտիվ։ Այնուհետև նա օրինակ է բերել Արևմտյան և Արևելյան Գերմանիայի միավորման ժամանակ 500 000 քաղաքացիների՝ աշխատանքը կորցնելու մասին օրինակն ու ասել. «Սա կհրապարակես, լա՞վ, ջնջել չկա»։