Վենեսուելայի ընդդիմության առաջնորդին տնային կալանքի են անցկացրել
Международные новостиԱռողջական վիճակի վատացման պատճառով Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Լեոպոլդո Լոպեսին անցկացրել են տնային կալանքի։ Այս մասին ասվում է Վենեսուելայի Գերագույն դատարանի հաղորդագրության մեջ, փոխանցում է «Սինհուան»։
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հույս է հայտնել, որ վերոնշյալ որոշումը կօգնի Լոպեսին հանդես գալ «ուղղվելու ու խաղաղության մասին ուղերձով»։ Այս պահին Լոպեսն արդեն Վենեսուելայի արեւմտյան մասում գտնվող ռազմական բանտից վերադարձել է տուն՝ Կարակաս, սակայն ընդդիմադիր գործիչը դեռ հայտարարություններով հանդես չի եկել։
Հիշեցնենք, որ Լոպեսը վենեսուելական «Ժողովրդական կամք» ընդդիմադիր կուսակցության առաջնորդն է։ Նա դատապարտված է եղել 13 տարվա ու ինը ամսվա ազատազրկման՝ 2014-ին լայնածավալ հակակառավարական բողոքի ցույցեր կազմակերպելու համար, որոնց հետեւանքով մեծ քանակության մարդ է զոհվել։
2015-ից կառավարությունը՝ Մադուրոյի ղեկավարությամբ, դաժան պայքար է սկսել ընդդիմության դեմ։ Ընթացիկ տարվա ապրիլից նկատվում է բախումների էսկալացիա։ Ամբողջ Վենեսուելայում լայնածավալ հակակառավարական ցույցեր են անցել, այս պահին բռնությունների հետեւանքով արդեն 91 մարդ է զոհվել։
Վերլուծաբանների կարծիքով, Լոպեսին բանտից տնային կալանքի փոխադրելու մասին որոշումը այն քայլերից մեկն է, որոնք Մադուրոյի կառավարությունը ձեռնարկել է երկրում լարվածությունը թոթափելու ու հուլիսի 30-ին ընտրությունների հաջող անցկացման համար։