Ինչպե՞ս փրկել ընտանիքը կործանումից. հինգ ոսկե կանոն
LifestyleStyle.news.am-ը գրում է.
ՄԻ ԼՌԵՔ
Աշխատեք բարձրաձայնել ձեր հավակնությունների եւ կուտակված վիրավորանքների մասին։ Չէ՞ որ մենք սկսում ենք շփվել, երբ տեսնում ենք ըմբռնում, հարգանք եւ պատասխան դրական արձագանք։ Լռությունն ու հակառակ կողմին հասկանալ չկարողանալը միայն բացասական լիցքեր է կուտակում, որոնք, ի վերջո, հարաբերությունների վրա կունենան դանդաղ գործարկվող ռումբի ազդեցություն։
ՄԻ ԲՂԱՎԵՔ
Աշխատեք ձեր վիրավորանքների մասին խոսել հանգիստ, առանց բարձր հնչերանգի, հիստերիայի եւ սպառնալիքների։ Շատ կարեւոր է ճիշտ արտահայտել մտքերը՝ առանց ավելորդ հույզերի։ Այդ ժամանակ ձեզ կլսեն ու կընդառաջեն։ Եթե զրույցի ժամանակ կողմերից մեկը չի հարձակվում ու բղավում, ապա մյուս կողմին անհրաժեշտ չի լինում պաշտպանվել։ Ձեր խոսքերը կլսվեն, իսկ արդյունքն իրեն երկար սպասեցնել չի տա։
ՀԱՎԱՍԱՐ ԴԻՐՔԵՐՈՒՄ ԵՂԵՔ
Վեճի ժամանակ աշխատեք զսպել վիրավորական արտահայտությունները, որոնք կարող են վիրավորել կամ բառացիորեն տրորել մտերիմ մարդու արժանապատվությունը։ Մի հեգնեք եւ մի նվաստացրեք միմյանց, թույլ կողմին ցույց մի տվեք ուժն ու գերակայությունը։ Հակառակ պարագայում, նման վարքագծով դուք կամ կարող եք ոչնչացնել զգացմունքները կամ այնպիսի «պատասխան հարված» ստանալ՝ սեփական մաշկին զգալով վիրավորանքների ամբողջ ցավը, որ երկար ժամանակ ուշքի չեք գա։
ԵՐԵԽԱՆՐԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՄԲ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԻ ՊԱՐԶԵՔ
Երեխաները շատ նուրբ էակներ են, որոնք ամեն ինչ սրտին մոտ են ընդունում։ Ծնողների ցանկացած վեճ ազդում է երեխայի հոգեբանության վրա, քանի որ ենթագիտակցորեն նա իրեն մեղավոր է զգում, որ չի կարող օգնել ծնողներին եւ հարթել իրավիճակը։ Ծնողների կողմից հիմարություն է փորձել երեխային համոզել իր իրավացիությունը՝ փորձելով նրան իր կողմը ներգրավել։ Երբեք մի ստիպեք նրան անցնել ծնողներից մեկի կողմը, չէ՞ որ երեխան երկու քարի արանքում կհայտնվի եւ կհամարի, որ դավաճանել է ծնողներից մեկին։ Երեխայի առողջությունն ու սերը վեճերից շատ ավելի կարեւոր են։
ՍՈՎՈՐԵՔ ԽՈՍՏՈՎԱՆԵԼ ՍԵՓԱԿԱՆ ՍԽԱԼՆԵրՆ ՈՒ ՆԵՐԵԼ
Հասկանալի է, որ հարաբերությունների սրման շրջանում ցանկալի չէ զիջել եւ հաշտեցման քայլ կատարել։ Նման պահին թվում է, թե զղջման խոսքեր ասել նշանակում է՝ անցնել սեփական արժանապատվության վրայով։ Բայց մենք ձեզ ասում ենք, որ սիրո մեջ, առավել եւս ընտանիքում, որտեղ կան երեխաներ, հպարտությունը տեղ չունի։ Հենց այդպես, քանի որ շատերը մեծամտությունը հպարտության հետ են շփոթում։ Հետեւում թողեք հավակնությունները, նայեք ձեր վարքագծին, խոստովանեք, որ տվյալ իրավիճակում դուք եւս ճիշտ չեք։ Եվ կտեսնեք, թե ինչպես ամեն ինչ դեպի լավը կփոխվի։