Թուրքիայում բջջային հեռախոսներով զանգ կատարելիս բաժանորդները լսել են Էրդողանի աուդիոուղերձը
Международные новостиԹուրքիայում տեղի բջջային օպերատորների օգտատերերին անակնկալ էր սպասվում, զանգ կատարելիս սովորական ազդանշանների փոխարեն նրանք լսել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աուդիոուղերձը, հայտնում է Hurriyet-ը:
Նշվում է, որ երկրի նախագահից նման հաղորդագրություն ստացել են այն օգտատերերը, որոնք զանգել են հուլիսի 16-ի լույս գիշերը: Էրդողանը դիմել է քաղաքացիներին երկրում ռազմական հեղաշրջման փորձի տարելիցի առնչությամբ:
Աուդիոուղերձում նա շնորհավորում էր մարդկանց «ժողովրդավարության և միասնության» ազգային տոնի կապակցությամբ, որն էլ նշանավորում է երկրում հեղաշրջման փորձի ձախողումը:
«Որպես նախագահ՝ ես ձեզ իմ շնորհավորանքներն եմ հղում հուլիսի 15-ին ժողովրդավարության և միասնության ազգային օրվա կապակցությամբ և նահատակներին ողորմածություն եմ մաղթում, իսկ հերոսներին՝ առողջություն և բարեկեցություն»,- ասում է Էրդողանը ձայնագրությունում:
Զանգը սկսում էր գրանցվել միայն նախագահի հաղորդագրության ավարտից հետո:
Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում: