Հրվ. Կորեան ռազմական բանակցություններ է առաջարկել Հս. Կորեային
Международные новостиՀարավային Կորեայի նոր կառավարությունը ռազմական բանակցություններ է առաջարկել Հյուսիսային Կորեային, որպեսզի հնարավոր լինի խուսափել հավանական ռազմական բախումից:
Ինչպես հայտնում է Reuters-ը, պաշտոնական Փհենյանը դեռևս չի պատասխանել առաջարկին:
Աղբյուրը նկատում է, որ երկրները տեխնիկապես շարունակում են պատերազմական վիճակում մնալ, սակայն Հարավային Կորեայի նորընտիր նախագահ Մուն Չժե-ինը ցանկանում է երկխոսություն սկսել ու ստիպել Փհենյանին դադարեցնել վիճահարույց միջուկային ծրագրի զարգացումը:
Հայտնի է, որ Սեուլը բանակցությունների առաջարկը հնչեցրել է Հյուսիսային Կորեայի կողմից հուլիսի 3-ին միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի առաջին բարեհաջող փորձից հետո: Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության առաջարկով՝ Փհենյանի հետ բանակցությունները պետք է կայանան հուլիսի 21-ին՝ սահմանային բնակավայրերից մեկում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, միջմայրցամաքային հրթիռի թռիչքի առավելագույն բարձրությունը կազմել է 2.802 կիլոմետր: Հաղորդվում է նաև, որ 39 րոպեի ընթացքում այն անցել է 933 կիլոմետր:
Հրթիռի արձակման մասին հրամանը տվել է հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ընը: Նա նաև հետևել է փորձարկմանը:
Փհենյանի կողմից հերթական բալիստիկ հրթիռի արձակումից հետո Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է Չինաստանին Փհենյանի հարցում «կոշտ քայլի» դիմել։
Նշենք, որ վերջին տարիներին Հյուսիսային Կորեան ակտիվորեն զարգացնում է իր միջուկային ծրագիրն ու պարբերաբար բալիստիկ հրթիռների արձակումներ իրականացնում՝ շարժելով Արևմուտքի զայրույթը:
Պաշտոնական Փհենյանը բազմիցս հայտարարել է, որ սադրանքի դեպքում պատրաստ է երկրի երեսից ջնջել ԱՄՆ-ն: