Ֆրանսիան էր կազմակերպել դա. Մակրոնը՝ Հոլոքոստի և հրեաներին համակենտրոնացման ճամբարներ ուղարկելու մասին
Международные новостиԻսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի փարիզյան այցի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բարձրաձայնել է հրեաների ցեղասպանության՝ Հոլոքոստի իրականացման գործում իր երկրի բացասական դերակատարման մասին:
Ինչպես նշում է The Guardian-ը, 39-ամյա Մակրոնը քննադատել է նրանց, որոնք փորձում են կոծկել կամ նվազագույն չափով ներկայացնել Ֆրանսիայի ներգրավվածությունը հարյուր հազարավոր հրեաներին համակենտրոնացման ճամբարներ ուղարկելու գործում:
Նեթանյահուի հետ Հոլոքոստի զոհերի հիշատակի հուշահամալիր այցելելուց հետո, Մակրոնը հայտարարել է, որ հենց Ֆրանսիան է կազմակերպել հրեաներին համակենտրոնացման ճամբարներ ուղարկելը:
«Ոչ մի գերմանացի անմիջականորեն ներգրավված չի եղել»,-ասել է Ֆրանսիայի նախագահը՝ հավելելով, որ ֆրանսիական ոստիկանությունը համագործակցում էր նացիստների հետ: Նա նկատել է, որ ֆրանսիացիները չեն կարող «հպարտությունը կառուցել ստի վրա»:
Պարբերականը նշում է, որ Երկրորդ աշխարհամարտի տարիներին Ֆրանսիայից նացիստական ճամբարներ է ուղարկվել ավելի քան 76.000 հրեա:
Հայտնի է, որ սարսափելի դեպքերից կես դար անց Ժակ Շիրակը դարձել է Ֆրանսիայի առաջին նախագահը, որը խոստովանել է, որ իր երկիրը բացասական դերակատարում է ունեցել Հոլոքոստի հարցում: