Թուրքիայի վարչապետը կոչ է արել Իսրայելին ետ կանգնել կատարած սխալից
Международные новостиԹուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը կոչ է հղել Իսրայելի իշխանություններին և հորդորել ետ կանգնել կատարած սխալից ու չսահմանափակել Երուսաղեմի մահմեդականների՝ իրենց սրբատեղիներն այցելելու իրավունքը:
Յըլդըրըմը նշել է, որ Թուրքիան Իսրայելից ակնկալում է առավել ողջամիտ քաղաքականություն ու գործած սխալների վերանայում:
Ինչպես գրում է թուրքական haberler.com կայքը, վարչապետը նաև քննադատել է օրեր առաջ Թուրքիայի հրեական համայնքի վրա ազգայնականների իրականացրած հարձակումն ու կոչ է արել իր երկրի քաղաքացիներին առավել հանդուրժող գտնվել:
Նշենք, որ Երուսաղեմում իրադրությունը շարունակում է մնալ լարված: Իսրայելի իշխանությունների կողմից սահմանած անվտանգության նոր նորմերը դարձել էին տեղի մահմեդական համայնքի դժգոհության պատճառ: Բողոքի ակցիաների ընթացքում մահացել էր երեք պաղեստինցի, վիրավորվել տասնյակ մարդիկ:
Ավելի վաղ երեք իսրայելցի արաբ գրոհայինների հարձակման հետևանքով մահացել էին երկու իսրայելցի ոստիկաններ, ինչն էլ դարձել էր իշխանությունների կողմից անվտանգության նորմերը խստացնելու դրդապատճառ: