ԱՄՆ-ն ու Ճապոնիան պայմանավորվել են ԿԺԴՀ-ի վրա վերահսկողությունը խստացնելու շուրջ
Международные новостиԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են, որ կխստացնեն ԿԺԴՀ-ի վրա ճնշումը եւ մյուս երկրներին եւս նման ռազմավարության կոչ կանեն։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Սպիտակ տունը։
«Առաջնորդները համաձայնել են, որ Հյուսիսային Կորեան Միացյալ Նահանգների, Ճապոնիայի, Կորեայի Հանրապետության եւ հեռավոր ու մերձավոր մյուս երկրների համար հսկայական ու մեծացող սպառնալիք է ներկայացնում։ Նախագահ Թրամփն ու վարչապետ Աբեն հակված են խստացնել Հյուսիսային Կորեայի վրա տնտեսական եւ դիվանագիտական ճնշումը, ինչպես նաեւ հակված են այլ երկրներին համոզել հետեւել իրենց օրինակին»,-ասվում է Սպիտակ տան հաղորդագրությունում։
Թրամփը նաեւ խոսել է Ճապոնիային եւ Հարավային Կորեային պաշտպանելու «երկաթե» պարտականությունների մասին։