Գերմանա-թուրքական «կրակի վրա յուղ են լցնում» Նիդեռլանդները եւ Ավստրիան
Международные новостиԱյսօր լրագրողների հետ հանդիպմանը թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը նշեց, որ Գերմանիա-Թուրքիա հարաբերությունները շարունակում են սրվել: «Այս երկու պետությունների հարաբերությունները սրվեցին հատկապես 2016-ին, երբ Բունդեսթագի կողմից ընդունվեց Հայոց ցեղասպանությունը: Հարաբերությունների սրման պատճառ դարձավ նաեւ Թուրքիայում զինված հեղաշրջումը, որից հետո բազմաթիվ թուրք զինվորականներ փախուստի դիմեցին դեպի Գերմանիա եւ այնտեղ նրանց ապաստան տվեցին: Այս հարցերը բավական զայրացրեցին թուրքական կողմին եւ Թուրքիան որոշեց չթույլատրել գերմանական պատգամավորներին այցելել Ինջիրլիքի ռազմաբազա՝ տեսակցելու իրենց զինվորներին»,- ասաց նա՝ հավելելով. «Հետագայում ճգնաժամը բավականին խորացավ Թուրքիա-ԵՄ հարաբերություններում, որն էլ իր հերթին էլ ավելի խոչընդոտեց գերմանա-թուրքական հարաբերությունների ընթացքը, մասնավորապես՝ Թուրքիայի գերմանական ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ ձերբակալությունների եւ հետապնդումների սաստկացումը: Նրանց հարաբերությունները ներկայումս գտնվում են ծայրաստիճան լարված մակարդակում, ինչն այնքան է մեծացել, որ գերմանական եւ թուրքական իշխանությունները կոչեր հնչեցնելիս անցնում են չափի սահմանը միմյանց վիրավորելով»,- նշեց Խուդավերդյանը:
Բանախոսը նկատեց, որ այս լարվածությունը բերեց նրան, որ Գերմանիան որոշեց ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ. «Արգելվեց թուրքական կողմին զենք վաճառելը եւ նրանց բոլոր տնտեսական եւ ռազմական նախագծերի հետագա զարգացումն արգելափակեվեց: Գերմանիան իր քաղաքացիներին կոչ արեց լավ մտածել Թուրքիա գնալուց առաջ: Այս կրակի վրա յուղ են լցնում Նիդեռլանդները եւ Ավստրիան, որոնց պաշտոնյաները մեկ անգամ չէ, որ քաջալերել են Գերմանիային շարունակել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել»: