Թեհրանում կայացել է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությունը
Международные новостиԹեհրանում կայացել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությունը։
Խորհրդարանում երդման արարողությունը սկսվել էր երևանյան ժամանակով ժամը 16.30-ին՝ նվագախմբի կողմից Իրանի Իսլամական Հանրապետության հիմնի կատարմամբ և Ղուրանից հատվածների ընթերցմամբ։ Դրանից հետո ելույթ է ունեցել խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին՝ ողջունելով օտարերկրացի հյուրերին։ Այնուհետ երդում է տվել և երդման տեքստը ստորագրել վերընտրված նախագահ Հասան Ռոհանին։
Ռոհանին առաջին անգամ Իրանի նախագահ էր ընտրվել 2013 թվականին։ 2017 թվականի մայիսի 19-ին անցկացված նախագահական ընտրությունների ժամանակ նա վերընտրվել է՝ հավաքելով 57 տոկոս ձայն։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանի մայրաքաղաքում անվտանգությունը կուժեղացվի, այն կապահովեն Իրանի իսլամական հեղափոխության պահապանների էլիտար կորպուսի մարտիկները, ինչպես նաև ոստիկանության աշխատակիցները։
Օգոստոսի 5-ը Թեհրանում հայտարարվել է հանգստյան օր։