Մակեդոնիայի իշխանություններն արտակարգ դրություն են հայտարարել հրդեհների պատճառով
Международные новостиՄակեդոնիայի կառավարությունը արտակարգ դրություն է հայտարարել հանրապետության երկու քաղաքային շրջաններում շարունակվող անտառային հրդեհների պատճառով: Այդ մասին հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Օլիվեր Սպասովսկին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք արտակարգ դրություն ենք հայտարարել Մակեդոնսկի Բրոդ և Չաշկա քաղաքային համայնքների տարածքում, որը գործելու է 30 օր: Որոշումը կայացվել է Մակեդոնիայի Հանրապետության մարմինների գործողությունների համակարգման նպատակով հրդեհների դեմ ավելի արդյունավետ պայքարի համար, քանի որ մոտ ժամանակներս բախվելու ենք բարձր ջերմաստիճանների, որոնք նպաստում են կրակի տարածմանը»,- ասել է Սպասովսկին:
Հրդեհի օջախները պահպանվում են մի քանի վայրերում երկրի հյուսիսում:
Հրդեհի դեմ պայքարին մասնակցում են պաշտպանության և փրկության հարցերով դիրեկցիայի աշխատակիցները, ՆԳՆ-ն, զինված ուժերի զինծառայողները, կոմունալ ծառայությունները:
Հրդեհի մարման աշխատանքներին մակեդոնական ավիացիայի հետ համատեղ մասնակցում են ուղղաթիռներ Բուլղարիայից և Թուրքիայից:
Անտառային հրդեհները Մակեդոնիայի տարածքում շարունակվում են երկու շաբաթ և ավելի մեծ մասշտաբներ են ստանում, քանի որ ջերմաստիճանն այնտեղ մոտենում է 40 աստիճանի: