Թուրքիայի առողջապահության նախարարությունը ստուգում է Կոկսակի վիրուսի տարածման մասին հաղորդագրությունները
Международные новостиԹուրքիայի առողջապահության նախարարութոյւնը ստուգում է երկրի զբոսաշրջային վայրերում Կոկսակի վիրուսի տարածման մասին հաղորդագրությունները և զբաղվում իրավիճակի ուսումնասիրությամբ, գերատեսչությունը դեռ ոչ մի մեկնաբանություն չի կարող տալ: Այդ մասին չորեքշաբթի «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է նախարարության ներկայացուցիչը:
ԶԼՄ-ները հայտնել էին, որ Թուրքիայում աճում է Կոկսակի վիրուսով վարակված զբոսաշրջիկների թիվը:
Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան չորեքշաբթի հայտնել է, որ տուրօպերատորները վիրուսի պատճառով խուճապի պատճառներ չեն տեսնում: Թուրքիայում վարակման դեպքեր գրանցվել են, սակայն դրանք զանգվածային բնույթ չեն կրում: Նման դեպքեր ամեն տարի տեղի են ունենում արձակուրդային սեզոնի պիկին՝ ինչպես Թուրքիայի հանգստավայրերում, այնպես էլ ծովափնյա հանգստի այլ երկրներում:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ռուսաստանի բնակիչները սկսել են դիմել զբոսաշրջային գործակալություններին՝ խնդրելով չեղարկել իրենց ուղևորությունները դեպի Թուրքիա, ինչի պատճառը Կոկսակի վիրուսի մասին լուրերն են:
«Գործակալությունները մերժում են, ընդ որում՝ օրինական հիմքերով, քանի որ համաճարակի պաշտոնական հաստատումներ չկան, այդ թվում՝ «Ռոսպոտրեբնադզոր» դաշնային ծառայությունից կամ «Ռոստուրիզմից»: Տվյալ դեպքում զբոսաշրջիկները պարտավոր են տուգանք մուծել ուղևորությունն իրենց նախաձեռնությամբ չեղարկելու համար», - ասել է Ռուսաստանի զբոսաշրջային արդյունաբերության միության մամուլի քարտուղար Իրինա Տյուրինան:
Կոկսակին էնտերովիրուս է, որի նկատմամբ խոցելի են մասնավորապես փոքր երեխաները: Այն փոխանցվում է ջրի, կոնտակտակենցաղային և օդակաթիլային ճանապարհով: Վիրուսը կարող է ախտահարել մարդու մի շարք օրգաններ և հյուսվածքներ:
Հայաստանի առողջապահության նախարարարությունը տեղեկացրել է, որ հարևան երկրներում, մասնավորապես՝ Թուրքիայում վերջին ամիսների ընթացքում շարունակվում է էնտերովիրուսային վարակներով պայմանավորված (Կոկսակի վիրուս) համաճարակային լարված իրավիճակը: Էնտերովիրուսներով պայմանավորված աշխուժացում դիտվել է նաև Հայաստանում, սակայն ժամանակին ձեռնարկված կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների արդյունքում այսօր իրավիճակը կայուն է, արձանագրվում են միայն եզակի դեպքեր: