Ուկրաինայի կառավարությունը չեղարկել է ՌԴ-ի հետ ռազմական արտահանման համաձայնագիրը
Международные новостиՈւկրաինայի նախարարների կաբինետը չեղարկել է Ռուսաստանի հետ միջկառավարական համաձայնագիրը՝ ռազմական նշանակության ապրանքները (արտադրանքները) երրորդ երկրներ արտահանելիս փոխգործակցության կարգի մասին։ Համապատասխան որոշումը կայացրել են կառավարության նիստի ժամանակ, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
Ուկրաինայի կառավարությունը համաձայնագիրը հաստատել էր 2004 թվականի մարտի 24-ին։ Փաստաթղթում կողմերը պայմանավորվել են պահպանել ու զարգացնել փոխգործակցությունը ռազմական արտադրանքի մշակման եւ արտադրության ժամանակ, իրականացնել դրա փոխադարձ մատակարարումները, ռազմական նշանակության ծառայություններ մատուցել։
Համաձայնագիրն արգելում է արտադրանքը կամ դրա մասին տեղեկությունը վաճառել կամ փոխանցել երրորդ կողմին՝ առանց դրա սեփականատիրոջ նախնական համաձայնության։
2014 թվականի մարտից Ուկրաինան դադարեցրեց Ռուսաստան ռազմական նշանակության ապրանքների բեռնափոխադրումները, իսկ նույն թվականի հունիսի 16-ի երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոն ամբողջությամբ արգելեց տվյալ ոլորտում ՌԴ-ի հետ համագործակցությունը։