Իրանի նախագահը կառավարությունում պաշտոնների է նշանակել 3 կնոջ
Международные новостиԻրանի նախագահ Հասան Ռոհանին կառավարությունում պաշտոնների է նշանակել երեք կնոջ: Այդ մասին հայտնում է նախագահի կայքը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Իրավական հարցերով փոխնախագահ Մաջիդ Անսարիի փոխարեն, ով ավելի վաղ հայտնել էր, որ կհեռանա պաշտոնից, նշանակվել է Լայա Ջունեյդին: Նախագահի՝ կանանց և ընտանիքի հարցերով տեղակալ է ընտրվել Մասումե Էբթեկարը, ով այդ պաշտոնին փոխարինել է Շահինդոխտ Մոլավերդիին, ում նախագահը նշանակել է քաղաքացիների իրավունքների հարցերով իր օգնական:
Հասան Ռոհանին երեքշաբթի խորհրդարանի հաստատմանն է ներկայացրել նոր կառավարությունում պաշտոնների թեկնածուների ցանկը, ինչից հետո խորհրդարանականները կսկսեն ստուգել թեկնածուների անձնական տվյալները և ուսումնասիրել նոր պաշտոնին վերաբերող նրանց ծրագրերը: Նախարարական պաշտոնների համար նախագահի ներկայացրած թեկնածուների ցանկում կանայք չկան: