ԱՄՆ զինված ուժերը կազմ ու պատրաստ են Հյուսիսային Կորեայի անխոհեմ քայլի դեպքում պատասխան տալուն. Թրամփ
Международные новостиԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ զինված ուժերը կազմ ու պատրաստ են պատասխան տալու համար, եթե Հյուսիսային Կորեան անխոհեմ գործողություններ ձեռնարկի՝ սրելով երկու երկրների միջև վտանգավոր հռետորաբանությունը: Այդ մասին Թրամփը գրել է Twitter-ի իր էջում, հայտնում է BBC-ն:
«Ռազմական լուծումներն այժմ ամբողջովին պատրաստ են, դրանք պատրաստ են կիրառվել, եթե Հյուսիսային Կորեան անխոհեմ գործի: Հուսով եմ՝ Կիմ Չեն Ընն այլ ճանապարհ կգտնի»,- գրել է Թրամփը Twitter-ում:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի «աջ ձեռքը» համարվող գեներալ Կիմ Ռակ Գյոմը, որը երկրի միջուկային ուժերի գլխավոր հրամանատարն է, անդրադառնալով Փհենյանի և Վաշինգտոնի միջև ստեղծված նախապատերազմական իրավիճակին, նշել է, որ «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պես մարդու հետ հնարավոր չէ բանակցել»:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, նա նաև հավելել է, որ Հյուսիսային Կորեան ուսումնասիրում է օգոստոսի կեսերին Գուամ կղզին (այստեղ են գտնվում ամերիկյան ռազմաբազաները) հրթիռակոծելու ծրագիրը:
Բարձրաստիճան զինվորականը նշել է, որ Հյուսիսային Կորեան մտադիր է միաժամանակ 4 հրթիռ արձակել, որոնցից 17 րոպե 45 վայրկյան կպահանջվի Գուամ հասնելու համար:
Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունն այսօր առավոտյան տարածել է Հս. Կորեայի ազգային բանակի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկի հայտարարությունը, համաձայն որի՝ Փհենյանն ուսումնասիրում է ցանկացած պահի գործողության միջին և մեծ շառավիղով «Հվասոն -12» հրթիռներով Գուամ կղզում Միացյալ Նահանգների ռազմաբազաներին հարվածելու վերաբերյալ ծրագիրը:
Ավելի վաղ Փհենյանը հայտարարել էր, որ հարվածները կարող են հասցվել՝ այդ թվում նաև ԱՄՆ ռազմական օդուժի «Անդերսոն» բազային, որտեղ գտնվում են «Հյուսիսային Կորեայի նյարդերի վրա ազդող» ռազմավարական ռմբակոծիչները:
Հայտարարության համաձայն՝ ուսումնասիրվող ծրագիրը շուտով կներկայացվի երկրի ղեկավար Կիմ Չեն Ընին, իսկ հետո այն կարող է ցանկացած պահի «պրակտիկորեն կիրառվել, եթե Հյուսիսային Կորեայի միջուկային ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Կիմ Չենը Ընը որոշում կայացնի»: