«Ոչինչ պետք չէ փոփոխել. ստատուս-քվոն շատ հարմար է». Ազատ Արշակյան
Политика«Արտաքին գործերի նախարարությունը թանկարժեք հաճույք է. որեւէ երկիր, որն ուզում է անվտանգ եւ ներկայանալի մասնակից լինի միջազգային հարաբերություններում, ապահովի իր անվտանգությունը, անպայման պետք է ունենա շատ ազդեցիկ Արտաքին գործերի նախարարություն»,- ORER.news-ի փոխանցմամբ՝ այսօր հրավիրված ասուլիսին նման տեսակետ հայտնեց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:
«ԱԳՆ-ն պետք է համալրված լինի բարձրորակ, արհեստավարժ մասնագետներով եւ գործին նվիրված մարդկանցով: Ցավոք սրտի, ՀՀ ԱԳՆ-ն հովանավորյալների որջ է: Հենց սկզբից այդպես է եղել: Ես այն ժամանակ Ազգային ժողովում Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալն էի Վարդան Օսկանյանի հետ:
Պետք է ասեմ, որ շատ տխուր էր իրավիճակը, որովհետեւ կադրերով համալրելու համակարգը, մեղմ ասած, կոռուպցիոն էր: Բավական թույլ Արտաքին գործերի նախարարություն ունենք»,- ասաց բանախոսը՝ անցում կատարելով սեպտեմբերի կեսերին Նյու Յորքում նախատեսված Հայաստանի եւ Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարների հանդիպմանը. «Ես ոչ մի արդյունքի չեմ սպասում ու կարծում եմ՝ դա շատ լավ է, ոչինչ պետք չէ փոփոխել:
Ստատուս-քվոն շատ հարմար է, այս ստատուս-քվոն, որ կա, դա իսկականն է, մնացած բոլոր կարգավիճակները, որ կարող են լինել, այլընտրանք են: Մեր Արտաքին գործերի նախարարության խնդիրն է՝ ոչինչ չփոխել, բայց ընդունել այն բանաձեւը, որը մեզ առաջարկում են Առաջին համաշխարհային պատերազմում հաղթող պետությունները:
Մեր ԱԳՆ-ն լավը չէ, բայց բարեբախտություն է, որ հաղթողները, գերհզոր պետությունները շահագրգռված են, որ մեր երկիրը վերադառնա իր տեղը: Եթե «պոլի փետ» ուղարկենք Մամեդյարովի հետ հանդիպմանը, միեւնույնն է, նա հաղթած կգա: Մեր ԱԳՆ-ում «պոլի փետ» շատ կա»,- ասաց նա: