Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը «Հրապարակ»-ի լրագրողի հետ զրույցում «անհիմն» է համարել մոտ ապագայում իր պաշտոնանկության մասին լուրերը: Չի բացառվում, որ բազմաթիվ «տանիքներ» ունեցող մարզպետն այս անգամ էլ ջրից չոր դուրս գա: Թերթը նշում է, որ Սահակյանը Սերժ Սարգսյանի սիրելիներից է և Աղվան Հովսեփյանի մտերիմը:
Լրագրողը Սահակյանից հետաքրքրվել է՝ ո՞վ է իրեն այդքան ամուր «պահում» անգամ այն դեպքում, երբ մարզպետարանի կալանավորված կրթության բաժնի նախկին պետ Պարգև Համբարձումյանն իր դեմ ցուցմունքներ է տալիս: «Ո՞վ ա ձեզ ասել նման բան, սաղ սուտ ա: Ես մնալու եմ իմ պաշտոնում այնքան, ինչքան որ կորոշի երկրի նախագան»:
Սա այն մարզպետն է, որի գործունեության վերաբերյալ սկանդալային տեղեկություններ են հրապարակվել և առ այսօր ոչ միայն քննություն չի տարվել դրանց վերաբերյալ, այլև նրան շարունակում է հովանավորել «երկրի նախագան»: Այդ ի՞նչ անփոխարինելի ծառայություններ է մատուցել պետությանն ու «երկրի նախագա»-ին սույն արարողակարգային մարզպետը, որին կարելի է անել ամեն ինչ և շարունակել վայելել պաշտոնը:
Իսկ չարաշահումներից ամենավերջինը ուղղակի աչք է ծակում. ORER.am-ի աղբյուրների փոխանցմամբ`Հյուսիս-հարավ մայրուղու որոշակի հատվածի շինարարության բնականոն ընթացքը ապահովելու համար անհրաժեշտություն է առաջացել հիմնել ասֆալտի գործարան և խճաղաց: Շինարարական կազմակերպությունը դիմել է մարզպետին՝ խնդրելով տրամադրել վարձակալական տարածք՝ վերոնշյալ արտադրամասերի համար: Մարզպետը համաձայնվել է տրամադրել տարածք, բայց մի պայմանով՝ շին. կազմակերպությունը տարածքի համար վարձ չի վճարում, բայց շինարարության ավարտից հետո արտադրամասը իր ողջ գույքով դառնում է Սահակյանի սեփականությունը:
Այս տեղեկատվության հրապարակումից առաջ մեր լրագրողը ցանկանում է կապ հաստատել Սահակյանի հետ և փորձել ճշտել մարզպետի դիրքորոշումը: «Քեզ ո՞ վ է սովորացրել տենց բաներ զանգես հարցնես»,- միանգամից հոխորտացել է «երկրի նախագա»-ի սիրելի պաշտոնյան: Դիտարկմանը, որ մարզպետը բարձրաձայն և ոչ նորմալ տոնով է խոսում, նույնիսկ մինչև վերջ չի լսել հարցը` ընդհատել է ու ասել. «Քեզ ո՞վ ա տենց դուխ տվել»: Լրագրողի հարցին, թե մարզպետին ո՞վ է նման համարձակություն տվել լրագրողի ու առհասարակ մարդկանց վրա գոռալու` մարզպետը չի պատասխանել և անջատել է հեռախոսն ընդհանրապես:
Ահա այսպիսի մակարդակի տեր պաշտոնյաներ ունենք: Չարաշահումների մասին տեղեկատվություն է տարածվում, լրագրողը բարեխղճորեն տեղեկացնում է այդ մասին մարզպետին՝ փորձելով օբյեկտիվ լուսաբանել, սակայն արժանանում է նման վերաբերմունքի: Թերևս այդ ամենում կա նաև մեր մեղավորությունը, որ մինչև վերջ հետամուտ չենք լինում, որ նման անձիք չշարունակեն պաշտոնավարել: Հիմա մի քանի հարցադրում կառավարությանն ու «երկրի նախագա»-ին.
* Որևէ վարույթ հարուցվե՞լ է արդյոք Սարգիս Սահակյանի կողմից ասֆալտի գործարանը և խճաղացը պահանջելու դեպքի առնչությամբ:
* Ինչու՞ նկատողություն չեք հայտարարում ձեր արարողակարգային մարզպետին և նմանատիպ այլ պաշտոնյաներին, ովքեր գռեհիկ կերպով հոխորտում են օբյեկտիվ լուսաբանում փորձող լրագրողների վրա:
* Արդյո՞ք դուք համարում եք, որ պետական պաշտոնյան պանիր է և որքան հնանա և հոտի՝ այնքան համովանում է:
Եթե համապատասխան մարմինները չարձագանքեն այս բաց հարցադրումներին՝ մենք դրանք կուղղենք գրավոր՝ պաշտոնապես: Իսկ եթե «երկրի նախագա»-ն կարդում է այս տողերը, ապա թող ինձանից ընդունի մի քանի պարզագույն հորդոր.
Երբ հրապարակումներ են լինում այս կամ այն պաշտոնյայի կատարած չարաշահման մասին և մնում են անարձագանք պետական մարմինների կողմից, ավելին, պաշտոնյան շարունակում է նույն ձևով պաշտոնավարել՝ մարդիկ շախմատիստի փոխարեն նախընտրում են հաստ բազուկներով տղաների և կանգնում են նրանց կողքին:
Եթե դուք որևէ մեկին վերցնում եք ձեր հովանավորության տակ և մոռանում եք վերահսկել նրա վարքը՝ անկախ նրանից, թե որքան լավ եք շախմատ խաղում՝ մարդիկ կրկին նախընտրում են հաստ բազուկներով տղաների և կանգնում են նրանց կողքին:
Իսկ հաստ բազուկներով տղաներին չեզոքացնելու մի եղանակ կա՝ ոլորել կարգազանցների ականջները և մարդկանց պարգևել արդարության զգացողություն...
Վարուժան Բաբաջանյան