NEWS.am Sport Exclusive. Միհրան Հարությունյան. Այս ամբողջ «կեղտի» մեջ ես գտա իմ լույսը (ֆոտո)
LifestyleSport.news.am-ը գրում է.
6-7 ամսից կվերադառնամ մրցագորգ, հանդես կգամ 75 կամ 80 կգ քաշային կարգում, իսկ մինչ այդ հարսանիքս է լինելու, սեպտեմբերին էլ ձեռքիս վերջին վիրահատությունը:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը, որը մեկնել էր Արցախ: Նրան ընդունել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը. քննարկել են Ստեփանակերտում ըմբշամարտի դպրոց բացելու նախագիծը:
Միհրան, դեռ Օլիմպիական խաղերից հետո հայտարարեցիր, որ ցանկանում ես Արցախում հիմնել ըմբշամարտի դպրոց: Ինչպե՞ս է անցել այցդ Արցախ:
Կարճ ժամանակով եմ Հայաստանում: Բակո Սահակյանի հետ հանդիպումը դեռ շուտ պետք է կայանար, բայց ձեռքիս հետ կապված խնդիրների եւ վիրահատությունների պատճառով անընդհատ հետաձգվում էր: Ես արդեն հայտարարել եմ, որ ցանկություն ունեմ Արցախում ըմբշամարտի մարզադպրոց հիմնել, քանի որ արցախցիները ըմբշամարտի որեւէ մարզադպրոց, դահլիճ, հարմար պայմաններ չունեն այս մարզաձեւով զբաղվելու համար: Իսկ մարզաձեւը շատ սիրված է Արցախում եւ մարզվելու ցանկություն ունեցողները շատ են: Այդ նպատակով հայկական ըմբշամարտի զարգացման հարցում ես ցանկանում եւս իմ ներդրումն ունենալ, հիմնել մարզադպրոց: Բակո Սահակյանի հետ քննարկեցի մարզադպրոցի ստեղծման համար որոշ հարցեր, նախագահին ներկայացրեցի իմ մտահղացումները, որոնք շատ ջերմ ընդունվեցին նրա կողմից: Քննարկեցինք վայրը, շենքը, կառուցման հետ կապված հարցերը: Մարզադպրոցը կլինի Ստեփանակերտում: Դեռ ստույգ ժամկետներ չեմ կարող ասել՝ երբ կբացվի մարզադպրոցը, բայց վստահ կարող եմ ասել, որ արցախցիները եւս շուտով հնարավորություն կունենան իրենց հայրենիքում զբաղվել սիրելի մարզաձեւով:

Միհրան, այս օրերին Հայաստանն ունեցավ եւս երկու աշխարհի չեմպիոն՝ Արթուր Ալեքսանյան եւ Մաքսիմ Մանուկյան: Հետեւե՞լ ես հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությանը:
Ես սրտանց շնորհավորում եմ իմ ընկերներին այդ մեծ տիտղոսին արժանանալու համար: Մաքսիմ Մանուկյանի հաջողությունն ինձ անչափ ուրախացրեց, ես իսկապես նրա այս հաղթանակի համար ուրախ եմ, քանի որ նա արժանի էր չեմպիոն դառնալուն, նա վաստակել էր այդ կոչումը: Նա շատ տաղանդավոր ըմբիշ է, գրագետ գոտեմարտեր է վարում, նաեւ որպես մարդ հրաշալի անձնավորություն է, անկեղծ ընկեր: Նրա մոտ միշտ ինչ-որ բան չէր ստացվում, չէր բավականացնում: Բայց ուրախ եմ, որ հենց աշխարհի առաջնությունում այդ պատնեշը քանդվեց եւ Մաքսիմը հռչակվեց աշխարհի չեմպիոն: Սա պատմական իրադարձություն է թե նրա, թե հայկական ըմբշամարտի համար:
Արթուր Ալեքսանյանն անփոխարինելի է: Նա կանգ չի առնում, առաջ է գնում եւ չի բավարարվում ձեռք բերածով: Նա ուղղակի պարծանքի արժանի ըմբիշ է: Նրանք երկուսն էլ իմ ընկերներն են, եւ ես հպարտ եմ, որ իմ ընկերները աշխարհի չեմպիոնի տիտղոսներով վերադարձել են հայրենիք: Վստահ եմ, որ նրանք կունենան նոր տիտղոսներ եւ այսպես կգնան մինչեւ Տոկիո-2020-ի Օլիմպիական խաղեր:
Իրականում, դժվար է դառնալ աշխարհի չեմպիոն: Սպորտում հաճախ են լինում անկումներ եւ վերելքներ: Շատ կուզեի, որ հասարակությունը, մարդիկ այս մարզիկներին միայն չեմպիոն դառնալու ժամանակ չսիրեին եւ մեծարեին: Հանրության աջակցությունը նրանց միշտ է պետք: Արթուրն ու Մաքսիմը այժմ չեմպիոններ են եւ մարդիկ նրանց այժմ սիրում են: Բայց մարզիկներին սիրել եւ աջակցել պետք է նաեւ պարտությունների ժամանակ, որ այդ սիրով եւ աջակցությամբ ուժ գտնեն հասնելու հաղթանակների:
Շարունակությունը՝ այստեղ: