Բուենոս Այրեսում բողոքի ակցիայի ժամանակ մոտ 20 մարդ է վիրավորվել, կան բերման ենթարկվածներ
Международные новостиԱրգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում բողոքի ցույցի ընթացքում տուժել է 17 մարդ, ևս 23 մարդ բերման է ենթարկվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ Infobae պորտալին հղումով։
Ավելի վաղ հաղորդվել է, որ օգոստոսին բողոքի ակցիայի ժամանակ 28-ամյա երիտասարդի անհետանալուց հետո Բուենոս Այրեսի գլխավոր հրապարակ՝ Plaza de Mayo են դուրս եկել տասնյակ հազարավոր մարդիկ։ Ցուցարարները հավաքվել են նախագահական պալատի դիմաց և կոչ արել գտնել երիտասարդին։
Նշվում է, որ երիտասարդի ազգականները մեղադրում են կառավարությանն այն բանի համար, որ այն թույլ է տվել ոստիկանությանը «բռնի» տանել տղամարդուն բողոքի ակցիայից։ Իշխանությունները հերքում են միջադեպին իրենց ներգրավվածությունը։
Ինչպես նշում է պորտալը՝ ցուցարարների և ոստիկանների միջև բախումները սկսվել են իրավապահների կողմից հրապարակը մաքրելու փորձերից հետո։ Ցուցարարները սկսել են քարեր նետել ոստիկանների վրա, որոնք ի պատասխան ռետինե փամփուշտներ ու արցունքաբեր գազ են կիրառել։ Բախումների ժամանակ վնաս է հասցվել մոտակա բանկերին ու խանութներին։