Թուրքիայի հանդեպ տնտեսական ճնշումը կուժեղացվի. Մերկել
Международные новостиԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ երկիրն անպայման կմեծացնի Թուրքիայի հանդեպ տնտեսական ճնշումը՝ շարունակելով պայքարել Թուրքիայում կալանավորված Գերմանիայի քաղաքացի քաղբանտարկյալների ազատ արձակման համար:
Ինչպես հայտնում է գերմանական Deutsche Welle հեռուստառադիոընկերության թուրքական ծառայությունը, Մերկելն այս մասին խոսել է կանցլերի ընտրություններին ընդառաջ իր գլխավոր մրցակից Մարտին Շուլցի հետ հեռուստաբանավեճի ընթացքում:
Նույն եթերի ժամանակ Մարտին Շուլցը հայտարարել է, որ եթե նա հաղթի ընտրություններում՝ կաշխատի նպաստել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունների ամբողջական դադարեցմանը:
Նշենք, որ Թուրքիայում շարունակում է կալանավորված մնալ Գերմանիայի 55 քաղաքացի, նրանցից 12-ը՝ քաղաքական հայացքների պատճառով:
Կալանքի տակ գտնվող Գերմանիայի քաղաքացիների թվում կան նաև Ստամբուլի կղզիներում ձերբակալված իրավապաշտպաններ, ինչպես նաև գերմանական DW հեռուստառադիոընկերության Թուրքիայի թղթակից Դենիզ Յուջելը, որի արտահանձնման հարցում Թուրքիան շարունակում է համառել: