Պուտինը ԲՐԻԿՍ երկրներին առաջարկել է էներգետիկ հետազոտությունների ընդհանուր պլատֆորմ ստեղծել
Международные новостиՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԲՐԻԿՍ անդամ երկրներին առաջարկել է էներգետիկ հետազոտությունների ընդհանուր պլատֆորմ ստեղծել: Այս նախաձեռնությամբ նա հանդես է եկել ԲՐԻԿՍ ընդլայնված կազմով գագաթնաժողովի նիստի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Շատ կարեւոր է ամրապնդել «հնգյակի» էներգետիկ բանակցությունները: Դրա համար առաջարկում ենք ստեղծել ԲՐԻԿՍ էներգետիկ հետազոտությունների պլատֆորմ, որի շրջանակում հնարավոր կլինի զարկ տալ ճյուղային տեղեկատվական-վերլուծական եւ գիտական փոխանակումներին»,- ասել է ՌԴ նախագահը:
Պուտինը նաեւ նպատակահարմար է համարում միության ողջ տարածքում մրցակցության հավասար պայմաններ ապահովելու համար համատեղ միջոցառումների ձեռնարկումը:
Բացի այդ, նա հիշեցրել է ԲՐԻԿՍ տնտեսական գործընկերության ռազմավարության մասին, որն ընդունվել էր 2015-ին Ռուսաստանում կայացած գագաթնաժողովի ժամանակ: «Ժամանակն է ռազմավարությունը հարմարեցնել գործող տնտեսական իրողություններին եւ նոր հավակնոտ խնդիրներ դնել մեր առջեւ: Ըստ մեզ՝ խոսքը անարգել էլեկտրոնային առեւտրի, փոքր եւ միջին բիզնեսի աջակցության եւ պետական-մասնավոր գործընկերության արդյունավետության բարձրացման մասին պիտի լինի»,- ասել է Պուտինը: