Կադիրովը հայտնել է՝ որ դեպքում Կրեմլի դիրքորոշմանը դեմ կլինի
Международные новостиՉեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովն Instagram-ում ուղիղ հեռարձակման ընթացքում մեկնաբանել է Մյանմայում (Բիրմա) ռոհինջա մահմեդականների զանգվածային սպանությունը, գրում է gazeta.ru-ն:
«Եթե անգամ Ռուսաստանը պաշտպանի այն սրիկաներին, որոնք այսօր հանցագործություններ են իրականացնում, ես Ռուսաստանի դիրքորոշման դեմ եմ: Որովհետև ես իմ կարծիքն ու դիրքորոշումն ունեմ»,- ասել է նա:
Միևնույն ժամանակ, նա վստահություն է հայտնել, որ ոչ մեկ չի աջակցի «մարդասպաններին և բռնություն իրականացնողներին»:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մյանմայի դեսպանատան մոտ հանրահավաքի մասին ԶԼՄ-ների հաղորդագրություններն առաջացնում են Կրեմլի մտահոգությունը:
Ավելի վաղ Չեչնիայի մուֆթի Սալահ-Հաջի Մեժիևը հայտարարել է, որ երկուշաբթի Գրոզնիի կենտրոնական հրապարակում բազմահազարանոց հանրահավաք կանցկացվի հաջակցություն ռոհինջա մահմեդականների:
Մյանմայի բանակն ուրբաթ հայտարարություն է տարածել, որի համաձայն մեկ շաբաթ առաջ սկսված կառավարական ուժերի և ռոհինջա գրոհայինների բախումների ընթացքում զոհվել է մոտ 400 մարդ, սպանվել է 370 գրոհային, կառավարական ուժերի շրջանում կորուստները 15 են: Բացի այդ, գրոհայիններին մեղադրում են 14 խաղաղ բնակչի սպանության համար:
Ռոհինջա գրոհայիններն օգոստոսի 25-ին Ռակհայն նահանգում միաժամանակ հարձակվել են մի քանի ոստիկանական անցակետերի և զինվորական բազայի վրա: Անվտանգության ուժերի և գրոհայինների միջև բախումները շարունակվում են: