Թուրքիան սեպտեմբերին նոր ռազմական գործողություն կսկսի Սիրիայում. «Սաբահ»
Международные новостиԹուրքիան նոր ռազմական գործողություն կսկսի Սիրիայի հյուսիսում գտնվող Իդլիբ քաղաքում, այս մասին գրում է թուրքական «Սաբահ» պարբերականը՝ Թուրքիայի ՊՆ-ում աղբյուրի հղումով։
Արդեն հայտնի է, որ թուրքական ԶՈւ-ն կրկին Սիրիա կմտնի այս ամսվա ընթացքում:
Նշվում է, որ գործողությունը թուրք զինվորականները կիրականացնեն Սիրիայի հյուսիսում գործող ընդդիմադիր «Սիրիական ազատ բանակ» խմբավորման հետ համատեղ՝ ինչպես անցյալ տարվա օգոստոսին:
Հիշեցնենք, որ 2016թ.-ի օգոստոսի 24-ին թուրքական հատուկ նշանակության ուժերը մտել էին Սիրիայի տարածք՝ իրենց իսկ խոսքով՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակում: Թուրքական ԶՈւ-ին աջակցել են «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումն ու կոալիցիոն ուժերը՝ օդային հարվածների միջոցով: Թուրքական ԶՈՒ-ն պայքարել է նաև Սիրիայի հյուսիսում գործող քրդական ազգային խմբավորումների դեմ։ Այս տարվա մարտի վերջին Թուրքիայի վարչապետը հայտարարել էր գործողության ավարտի մասին։
Ավելի ուշ՝ ապրիլի 25-ին թուրքական ԶՈւ-ն օդային հարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիսային շրջաններին, որի հետևանքով մահացել է Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատների 18 մարտիկ: