Exclusive. «Անհամբերությամբ եմ սպասում այն օրվան, երբ աղջկաս հետ միասին կթիթիզանանք»․ կանադաբնակ մոդել Ինեսսա Թադեւոսյանը երկրորդ անգամ մայր է դարձել
LifestyleNEWS.am STYLE-ը գրում է.
Կանադաբնակ հայ մոդել, «Միսս Կովկաս 2005» տիտղոսակիր Ինեսսա Թադեւոսյանը, որին շատերը կհիշեն Անդրեի «Սեր ես ու մի կյանք» եւ Արա Մարտիրոսյանի «Վառել եմ մոմերս» տեսահոլովակներից, օրերս լույս աշխարհ է բերել իր երկրորդ զավակին։ Ինեսսան օգոստոսի 11-ին ամուսնուն դուստր է պարգեւել, որին երջանիկ ծնողներն անվանել են Ալեքսա։
Մոդելն իր կյանքի կարեւորագույն նորությունն առաջինը պատմել է NEWS.am STYLE –ին։

«Դուստրս էլ ինձ նման 52 սմ հասակով է ծնվել։ Չնայած այն բանին, որ անունն ունի հունական արմատներ՝ Ալեքսանդրա, ես հավատում եմ, որ մարդն ինքն է որոշում իր անվան նշանակությունն ու ճակատագիրը, ոչ թե Google-ի որոնողական համակարգը։ Ինձ շատ էր դուր գալիս այդ անունը, բացի այդ՝ այն շատ համահունչ է մեր ավագ որդու՝ Մաքսի անվան հետ։ Մենք Կանադայում ենք բնակվում, եւ մեր երեխաների համար այնպիսի անուններ ենք ընտրել, որոնք հարմար կլինեն տվյալ երկրին, եւ տարբեր ձեւերով չեն հոլովվի»,-ասում է Ինեսսան, որի ընտանիքում դստեր ծնունդը շատ սպասված իրադարձություն էր․

«Որդիս՝ Մաքսն, արդեն 1 տարեկան է։ Մենք պլանվորում էինք ունենալ 2-րդ երեխային եւ շատ ուրախ ենք, որ աղջիկ ենք ունեցել։ Նա իմ մեծ երջանկությունն է։ Անհամբերությամբ եմ սպասում այն օրվան, երբ աղջկաս հետ միասին կթիթիզանանք, իսկ ամուսինս կարթնանա ներկված եղունգներով (ծիծաղում է)։ Ինչ վերաբերում է տղայիս, նա շատ հոգատար է փոքրիկ քույրիկի հանդեպ։ Այնքան հետաքրքիր է հետեւել նրանց շփմանը»։
Ինեսսան նաեւ պատմեց, թե որքանով է Ալեքսայի ծնունդը փոխել իրենց կյանքը․

«Ալեքսայի ծննդից 3 օր հետո դուրս ենք գրվել հիվանդանոցից։ Երբ վերադարձանք տուն, սկսեցինք ապրել նոր ռիթմով։ Ես եւ փոքրիկս մեզ շատ լավ ենք զգում, ամուսինս, մայրս եւ մորաքույրներս ինձ շատ են աջակցում։ Նրանց շնորհիվ ավելի արագ եմ ապաքինվում։ Երբ ծնվեց մեր որդին, ես եւ ամուսինս արդեն հասկացանք, որ նորածին երեխաները վարդագույն եւ հարթ չեն լինում ։) Անկեղծ կլինեմ ու կասեմ, որ երեխայի հանդեպ առաջին զգացմունքները ծնվում են ոչ թե այն ժամանակ, երբ նրան տեսնում ես, այլ երբ սեղմում ես նրան կրծքիդ, լսում նրա սրտի ձայնը, զգում նրա բուրմունքը։

Այդ ժամանակ ես լցվում զգացմունքներով ու արցունքներով։ Այդպիսի զգացմունքներ ապրեց նաեւ ամուսինս։ Նա ծննդաբերության ողջ ընթացքում իմ ձեռքից բռնած էր։ Իզուր չեն ասում, որ ծննդաբերելուց հետո կինը հասկանում է, որ այսուհետ իր սիրտն իր մարմնից դուրս է զարկելու։ Ես ինձ երկու հրաշք փոքրիկների երջանիկ մայրիկ եմ համարում, որոնք այս աշխարհում բոլորից լավ են հասկանում, թե իմ սիրտն ինչպես է զարկում, քանի որ նրանք այն լսել եմ իմ ներսում»։
Սյունե Առաքելյան
Լուսանկարները տրամադրել է Ինեսսա Թադեւոսյանը