Դա հանցագործություն է և պետք է պատժվի. Պորոշենկոն Սաակաշվիլիի կողմից սահմանը ճեղքելու մասին
Международные новостиՈւկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հանցագործություն է անվանել Ուկրաինա-Լեհաստան սահմանին Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսա շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը: Այդ մասին Պորոշենկոն հայտարարել է Պետական բժշական համալսարանում՝ հավելելով, որ խախտվել է պետական սահմանի անձեռնմխելիության սահմանադրական սկզբունքը, գրում է УНИАН-ը:
«Հանցագործություն է կատարվել, որովհետև կա պետական սահմանի անձեռնմխելիության սահմանադրական սկզբունք: Դա պետության ազգային անվտանգության հարց է, և ինձ միևնույն է՝ ով է խախտում պետական սահմանը՝ գրոհայիններն արևելքում, թե քաղաքական գործիչներն արևմուտքում, պետք է լինի բացարձակ հստակ և իրավաբանական պատասխանատվություն»,- ընդգծել է նախագահը:
Պորոշենկոն հայտարարել է նաև, որ անցակետում տեղի ունեցած միջադեպը չի պահանջում քաղաքական մեկնաբանություններ: «Իմ կարծիքով այդ միջադեպը բացարձակ չի պահանջում քաղաքական մեկնաբանություններ: Մենք պետք է մեկնաբանենք այդ հարցը և կմեկնաբանենք այն բացառապես իրավական դաշտում»,- ասել է Պորոշենկոն:
«Ինձ համար միևնույն է՝ ով է խախտում պետական սահմանը, դրա համար պետք է լինի պատիժ՝ ուկրաինական սահմանադրության համաձայն»,- նշել է նախագահը Twitter-ի իր էջում:
Նա նշել է, որ սահմանապահները ճիշտ են վարվել՝ զենք չկիրառելով և երկրի ներսում կոնֆլիկտ չհրահրելով:
«Մեր սահմանապահները ճիշտ են վարվել՝ չկիրառելով զենք, որի լիիրավ իրավունքն ունեին: Նրանք թույլ չտվեցին հրահրել երկրի ներսում հրդեհ, կոնֆլիկտ, ինչին ձգտում էին այդ քաղաքական գործիչները»,- ասել է Պորոշենկոն:
Ավելի վաղ Ուկրաինայի պետական սահմանապ ծառայության ներկայացուցիչը հայտնել էր, որ ուկրաինական սահմանապահները հրաման էին ստացել չկիրառել զենք «Շեգինի» անցակետում տեղի ունեցած միջադեպի ժամանակ:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ուկրաինայի քաղաքացիությունից զրկված Սաակաշվիլին, աջակիցների ուղեկցությամբ «Շեգինի» անցակետում սահմանապահների շղթան ճեղքելով, ներխուժել է Ուկրաինայի տարածք: