Պուտինն «անձնական վենդետա» ուներ իմ դեմ. Քլինթոնը՝ Թրամփին պարտվելու մասին
Международные новостиԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, որը 2016թ. Դոնալդ Թրամփի հետ պայքարում էր երկրի նախագահի պաշտոնի համար, հարցազրույց է տվել USA Today-ին՝ խոսելով իր համար զգայուն թեմայի՝ ընտրություններում կրած պարտության մասին:
Քլինթոնի համոզմամբ՝ հանրապետական Դոնալդ Թրամփի հաղթանակի հարցում Ռուսաստանն ու նախագահ Վլադիմիր Պուտինն ունեցել են ամենաանմիջական մասնակցությունը:
«Անկասկած, Պուտինը ցանկանում էր, որ ես պարտվեի ու փոխարենը հաղթեր Թրամփը: Անկասկած, Թրամփի ու ռուսական փողերի միջև ֆինանսական ինչ-որ կծիկ կա: Անկասկած, Թրամփի շտաբն ու աջակիցները քիչ ջանք չեն գործադրել ռուսների հետ իրենց կապերը քողարկելու համար»,-կարծիք է հայտնել Քլինթոնը:
Քաղաքական գործչի պնդմամբ՝ ինքն իմացել է Պուտինի՝ իր դեմ «անձնական վենդետա» ունենալու մասին: Քլինթոնը բացատրել է, որ ՌԴ ղեկավարը ցանկանում էր իրենից վրեժխնդիր լինել ամուսնու՝ ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի կառավարման օրոք Եվրոպայի արևելքում ՆԱՏՕ-ի ընդարձակման համար:
«Այնուհանդերձ, մտքովս անգամ չէր կարող անցնել, որ նա այդքան ստորություն կունենա ու մեր իսկ քթի տակ հարձակում կիրագործի մեր ժողովրդավարության վրա ու դեռ մի բան էլ դա նրան կհաջողվի»,-վրդովված նկատել է Քլինթոնը:
Նա նշել է, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ լրագրողները լուրջ չէին վերաբերվում ռուսական կողմի միջամտության մասին լուրերին, քանի որ տարված էին այն ժամանակ էլ. փոստի պատճառով իր շուրջ բարձրացած աղմուկով: