Սաակաշվիլին պատրաստվում է շրջագայել ամբողջ Ուկրաինայով՝ համախոհներ գտնելու համար
Международные новостиՎրաստանի նախկին նախագահ և ուկրաինական Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին պատրաստվում է համախոհներ գտնելու նպատակով շրջագայել ամբողջ Ուկրաինայով՝ այն սկսելով Չեռնովցի քաղաքից, գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով Սաակաշվիլիի «Նոր ուժերի շարժում» կուսակցության տարածած հայտարարությանը:
Կուսակցության գրասենյակից, սակայն, չեն մանրամասնել Սաակաշվիլիի գտնվելու հստակ վայրը:
Նշենք, որ այսօր մամուլում տարածվել է լուր, ըստ որի Սաակաշվիլին անհետացել է Ուկրաինայի Լվով քաղաքում գտնվող հյուրանոցից:
Հայտնի է, որ Սաակաշվիլին այս գիշեր նստել է մեքենան ու ուղևորվել անհայտ ուղղությամբ: Հյուրանոցում հավաքվել են բազմաթիվ մարդիկ. այնտեղ են եղել նաև նրա թիկնապահներն ու աջակիցները: Գիշերով նրանք բոլորով դուրս են եկել փողոց ու մեքենաներ նստել, սակայն ժամեր անց վերադարձել են, իսկ Սաակաշվիլին՝ ոչ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին Սաակաշվիլին ոտքով հատել է լեհ-ուկրաինական սահմանային անցակետը և մուտք գործել Ուկրաինա։
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Սաակաշվիլիին զրկել է քաղաքացիությունից՝ պատճառաբանելով, որ նա ոչ հավաստի տվյալներ է ներկայացրել այն ստանալիս: