Ստամբուլի կղզիներում ձերբակալված իրավապաշտպանին արգելել են բանտում կարդալ «Ակօսը»՝ հայերեն էջերի առկայության պատճառով
Международные новостиԱմիսներ առաջ Ստամբուլի կղզիներում ձերբակալված իրավապաշտպաններից մեկը բանտում չի կարողանում ստանալ Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսը», քանի որ այն ունի հայերեն էջեր, այս մասին հայտնում է «Ակօսի» կայքը:
Բանտի աշխատակիցները խոչընդոտել են Օզլեմ Դալքըրանի՝ հայկական թերթը ստանալն ու պատճառաբանել դա «Ակօսում» հայերեն էջերի առկայությամբ:
Այդ մասին լրատվամիջոցներին տեղեկացրել են Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավորներ Շեհան Սարըհանը և Ջանդան Յուջեերը, որոնք այցելել են կալանքի տակ պահվող իրավապաշտպաններին:
Նույն պատգամավորները նաև տեղեկացրել են, որ կալանավորված իրավապաշտպաններից Գերմանիայի քաղաքացի հանդիսացող Պետեր Շտաուդտներին չի տրամադրվում գերմաներենի թարգմանիչ:
Հիշեցնենք, որ Ստամբուլի կղզիներում ձերբակալված 10 իրավապաշտպաններից 6-ը կալանավորված են, նրանց թվում է նաև Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության Թուրքիայի գրասենյակի տնօրեն Իդիլ Էսերը:
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոշտ քննադատության էր ենթարկել Թուրքիայի իշխանություններին և կոչ արել անհապաղ բաց թողնել իրավապաշտպաններին: